211652_close_icon
views-count1792 դիտում article-date 18:47 29-01-2022

Մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանության հակակշռի գործառույթը. Սաթիկ Սեյրանյան

Սաթիկ Սեյրանյանի ելույթը Հայաստանի Ժուռնալիստների միության 13-րդ համագումարում

Հարգելի գործընկերներ

Շնորհակալ եմ ձեր ներկայության ու համագումարի աշխատանքներին մասնակցելու համար։ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնը ես ստանձնել եմ 2017 թվականի դեկտեմբերի վերջին, որից կարճ ժամանակ անց հասարակությունը, ապա նաև պետությունը հայտնվեցին ոչ ստանդարտ, հախուռն ժամանակներում։

Երկրում տեղի ունեցած իրադարձությունները դարձան շատ ու շատերի արժեքների ու սկզբունքների, վարքագծի ու վերաբերմունքի փոփոխության պատճառ։

Քանդվեցին հանրային ու մասնագիտական շատ կառուցակարգեր, այդ թվում՝ ցավոք, միախառնվեցին նաև լրագրությունն ու քաղաքականությունը, ինչը դժվարությունների առիթ դարձավ՝ ինչպես առանձին լրատվամիջոցների ու լրագրողների, այնպես էլ՝ մամուլի հարցերով զբաղվող կազմակերությունների, մասնավորապես՝ Ժուռնալիստների միության համար։ Բայց դժվարությունները մեզ համար բազմապատկվել էին ոչ միայն այդ պատճառով:

Ցավոք, տարիներ, տասնամյակներ շարունակ, օբյեկտիվ թե սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, Հայաստանի ժուռնալիստների միությունը դադարել էր գործել՝ որպես ինքնուրույն կառույց, միավոր՝ ըստ էության վերածվելով հանրային դաշտի այլ կազմակերպությունների կցորդի, որի դերը սահմանափակվում էր, լավագույն դեպքում, այլոց հայտարարությունների տակ ստորագրությամբ։ Հետևաբար՝ մեր թիմի և իմ առաջնային ու գլխավոր խնդիրը Ժուռնալիստների միության՝ որպես կառույցի ինքնուրույնության ու ինքնաբավության վերականգնումն էր։ Հուսամ, այդ խնդիրը, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ գոնե մեծամասամբ մենք կարողացել ենք առավելագույնս լուծել անցած չորս տարիների ընթացքում։

Դրա անուղղակի վկայություններից մեկն էլ անցած տարիներին տասնյակ գործող լրագրողների անդամակցությունն է Ժուռնալիստների միությանը, ինչը ես համարում եմ մեր գլխավոր ձեռքբերումներից մեկը։

Այսպիսով, Ժուռնալիստների միությունը մի կողմից՝ ուներ համակարգային, ինստիտուցիոնալ խնդիր, մյուս կողմից՝ նաև հենց դրանով պայմանավորված՝ տեխնիկատնտեսական վատթարագույն վիճակ, ինչը դժվարացնում էր անգամ տարրական նյութական միջոցներ պահանջող քայլերի կատարումը։

Այդ ուղղղությամբ ևս մենք զգալի աշխատանք ենք կատարել, մասնավորապես՝ փորձել ենք իրավական ճանապարհով լուծել Ժուռնալիստների միությանը պատկանող տարածքները՝ նախկինում, ի վնաս միության, չափազանց վատ պայմաններով վարձակալության տրված և դրա հետևանքով ծագած խնդիրը։

Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների հետ այսօր էլ գտնվում ենք դատական գործընթացներում, ինչը չափազանց ժամանակատար է։ Բայց հուսամ, տեսանելի ապագայում այդ խնդիրներից որոշները կլուծվեն, ինչը կնպաստի մեր միության ֆինանսատնտեսական ինքնաբավության բարձրացմանը։

Հարգելի գործընկերներ

Ժուռնալիստների միության ինստիտուցիոնալ ինքնուրույնության բարձրացումն անցած տարիներին տվել է գործնական արդյունքներ՝ ոչ միայն ներհայաստանյան գործընթացներում մեր ակտիվության, այլ նաև միջազգային համագործակցության տեսքով։ Մեզ հաջողվել է բավական կառուցողական համագործակցություն հաստատել Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաների և Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության, ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկրների մեր գործընկերների հետ։

Այդ համագործակցությունն անցած տարիներին արտահայտվել է կոնկրետ գործողություններով։ Հատկապես մեր եվրոպացի գործընկերներն ակտիվորեն աջակցել են մեզ մամուլի ու խոսքի ազատության դեմ վերջին տարիներին իշխանությունների նախաձեռնած օրենսդրական և այլ գործողությունների դեմ պայքարի գործընթացում։ Նրանց աջակցությունը մեզ համար անգնահատելի էր նաև 44-օրյա պատերազմի, դրա լուսաբանման գործընթացում, ինչպես նաև օգտվելով միության կողմից պարբերաբար տրամադրվող տեղեկատվությունից՝ հնարավորինս օբյեկտիվ պատկեր էին ուրվագծում իրենց հաղորդագրություններում՝ հաշվի առնելով ադրբեջանաթուրքական քարոզչական հոսքը։

Ցավոք, 2018-ի իշխանափոխության իրադարձություններից հետո ոչ միայն գործող իշխանությունների կողմից թիրախավորվեցին լրատվամիջոցները, ԶԼՄ աշխատակիցները, այլև պառակտվեց մասնագիտական մեր համայնքը: Իհարկե, Հայաստանի Ժուռնալիստների միությունը կարողացավ որոշակիորեն համախմբել լրատվամիջոցներին մասնագիտական իրավունքների պաշտպանության հարցերում, սակայն դեռևս մեզ չի հաջողվել ամբողջովին ապահովել այդ համերաշխությունը՝ հատկապես այս՝ հանրային տարանջատվածության ու բևեռացման պայմաններում։

44-օրյա պատերազմի ընթացքում, երբ իշխանությունները ԶԼՄ-ների նկատմամբ տոտալ սահմանափակումներ կիրառեցին՝ այդ թվում խախտելով հասարակության տեղեկացված լինելու իրավունքը, Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ արեց մի կողմ դնել քաղաքական և այլ դիրքորոշումները, և հանուն պետության և ազգային շահի՝ համախմբվել քաղաքական իշխանությունների շուրջ և վարել միասնական լրատվական քաղաքականություն: Ի պատիվ լրատվամիջոցների, խմբագիրների, նրանք միավորվեցիին հանուն ազգային և պետական իղձերի, սակայն, ինչպես հետո պարզվեց՝ իշխանության նպատակը բոլորովին այլ էր:

Այնպես որ, այդ առումով մենք դեռ անելիքներ ունենք:

Հարգելի գործընկերներ, մենք չենք կարող խոսել միայն ձեռքբերումների ու դրական իրողությունների մասին։

Նաև մեր մասնագիտական համայնքում կան բազմաթիվ խնդիրներ, որոշները՝ օբյեկտիվ, բայց շատերը՝ նաև սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված։ Ցավոք, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, մեր մամուլը չափից ավելի քաղաքականացված է, ինչը հաճախ բացասաբար է անդրադառնում լրատվության որակի, հանրային ու պետական կյանքում տեղի ունեցող շատ իրադարձությունների լուսաբանման վրա։ Սա համակարգային լուծում պահանջող խնդիր է, որը հնարավոր է միայն մասնագիտական էթիկայի այնպիսի կանոնների կենսունակ առկայությամբ, որոնք կսահմանափակեն քաղաքական ազդեցությունները մամուլի վրա։

Դա չափազանց դժվար լուծելի խնդիր է, որի ուղղությամբ, սակայն, մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ։ Նոր կանոնադրությամբ առաջարկում ենք մասնագիտական շրջանակների ներգրավմամբ ստեղծել ՀԺՄ էթիկայի մասնագիտական կանոնագիրք, Տեղեկատվական վեճերի խորհուրդ, Դիտորդ մարմին, ինքնակարգավորող, մոնիտորինգային գործունեություն իրականացնող այլ մարմիններ:
Իհարկե, կան որոշ լրատվամիջոցներ, որոնք ունեն իրենց ներքին կանոնադրությունը, մի շարք լրատվամիջոցների ստորագրությամբ, մեդիա որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ, ընդունվել է «Հայաստանի դեռևս տարիներ առաջ լրատվամիջոցների լրագրողների սկզբունքների կանոնագիր», գործում է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը:

Սակայն ներկա իրողությունը վկայում է, որ դա կարծես դեռ բավարար չէ:

Խոսքի ազատության ու մամուլի դերն այսօր բազմապատիկ ավելի կարևոր է երկրում տեղի ունեցող խորքային գործընթացների համատեքստում։ Ցավոք, մենք ապրում ենք ժամանակներում, որոնք կարելի է բնորոշել՝ որպես ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար ժամանակներ։

Երկրում հետևողականորեն վերացվում ու թուլացվում են իշխանության գրեթե բոլոր հակակշիռներն ու փոխզսպումները։ Դրանք տեղի են ունենում ֆորմալ ժողովրդավարական ընթացակարգերով, սակայն արդյունքում անթույլատրելիորեն մեծացնում են իշխանության կենտրոնացվածությունը, ինչն ուղիղ ճանապարհ է դեպի ոչ հաշվետվողական, ոչ թափանցիկ, իսկ վերջնարդյունքում՝ դեպի ոչ ժողովրդավարական կառավարում։

Ահա այս պայմաններում մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանության հակակշռի այդ գործառույթը։
Իմ խորին համոզմամբ՝ հենց այս իրողությամբ է պայմանավորված մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավը, որով նրանք ցանկանում են վերացնել նաև այս հակակշիռը։

Այդ իմաստով այսօր մենք՝ լրագրողներս, ակամայից կատարում ենք նաև ժողովրդավարության կամ դրա վերջին մնացուկների պաշտպանության առաքելություն, ինչը, սակայն, պետք է իրականացնել՝ մնալով բացառապես մասնագիտական վարքագծի ու նորմերի շրջանակներում։ Դա չափազանց դժվար է, սակայն մենք՝ մամուլի ներկայացուցիչներս, պարտավոր ենք հետևել այդ ճանապարհին՝ ժողովրդավարության պաշտպանության գործընթացում մեր մասնագիտությունը չվնասելու մղումով։

Հարգելի գործընկերներ,

Ցավոք, այսօր էլ մենք ապրում ենք դժվարին ժամանակներում։ Պետական ու հանրային կառավարման համակարգերի, ընդհանուր առմամբ քաղաքական վերնախավերի նշաձողերը սարսափելի անկում են ապրել։ Դա մամուլի, լրատվամիջոցների համար ևս մեկ մարտահրավեր է՝ արժեքային այդ անկմանը տուրք չտալու ու ներհասարակական հարաբերությունների խաթարումը կանխելու իմաստով։ Հույս ունեմ ու հավատացած եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այդ մարտահրավերը՝ մեր հանրությանը ներկայացնելով օբյեկտիվ, անաչառ տեղեկատվություն՝ դրանով ստեղծելով այլընտրանք հանրության համար։

Շնորհակալ եմ ուշադրության համար:

29.01.2022թ.

Նմանատիպ նյութեր