211652_close_icon
views-count9965 դիտում article-date 22:52 31-01-2022

Ո՞նց կարելի է հակամարտող երկրի ղեկավարին բնութագրել կառուցողական․ երբևէ դուք ինձնից լսե՞լ եք, որ Ալիևը կառուցողական է․ Սերժ Սարգսյան

Tert.am-ը գրում է. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։ Հարցազրույցը ներկայացնում ենք հարց ու պատասխանով՝ ըստ թեմաների։

- 2018 թվականի հունվարի փաստաթղթի մասին խոսվեց, պարո՛ն նախագահ: Կրակովում մենք հիշում ենք արտգործնախարարների վերջին կամ նախավերջին հանդիպումն էր Ձեր իշխանության պաշտոնավարման օրոք: Դրանից երեք ամիս անց, երբ Դուք խորհրդարանում ընտրվում էիք որպես վարչապետ, պատգամավորներից մեկի հարցերին ի պատասխան՝ ասացիք, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, Ադրբեջանի սպասումներն անիրատեսական են, և մեզ համար՝ անընդունելի: Այդ թեզը գործող իշխանությունը բավական շատ է շրջանառում և հիշեցնում են Ձեզ, որ Ձեր օրոք կամ Ձեր իշխանության հանձնելու պահին բանակցային գործընթացը եղել է փակուղում կամ լավատեսություն չի ներշնչել: Այդ դեպքում ինչի՞ շուրջ էին համաձայնել արտգործնախարարները: Այսինքն՝ սկզբունքային համաձայնություն 2018 թվականի հունվարին եղե՞լ է նրանց միջև Կրակովում:

-Ես տեսնում եմ, Դավի՛թ, որ Դուք էլ եք ընկել իրենց այդ մանիպուլյացիայի ազդեցության տակ և Դուք էլ եք իմ խոսքից մեջբերում, այսպես ասեմ, կրճատված: Բայց այդ պատասխանում ես շարունակել եմ խոսել թեմայի շուրջ:

-Ես հիշում եմ: Սա ամենահայտնի դրվագն է, այդ պատճառով չմեջբերեցի: Ես այդ Ձեր խոսքը լավ գիտեմ:

-Դա ուրեմն էլի մանիպուլյացիա է և իրենց գործելաոճն է` կոնտեքստից կտրել ինչ-որ մի նախադասություն կամ ինչ-որ մի բառ և դա դարձնել դրոշակ ու փորձել վարկաբեկել, ավելի ճիշտ իրենք ոչ թե վարկաբեկում են նախորդ գործընթացները, այլ իրենք փորձում են իրենց արդարացնել, թե ինչու վերջը ձախողվեցին: Բայց իմ ասածի իմաստը շատ պարզ է եղել, շատ պարզ, որ, ժողովո՛ւրդ, ամեն վայրկյան, ամեն օր կարելի է սպասել Ադրբեջանի կողմից ոտնձգությունների:

-Դե դա նորություն չէր: Մենք միշտ էլ սպասել ենք:

-Ես այնտեղ նորություն չպետք է ասեի, ես այնտեղ պետք է ասեի իրականությունը: Իսկ իրականությունը չէր կարող նորություն լինել: Ես ասել եմ իրականությունը հետևյալն է. մենք կառուցողական ենք, Ադրբեջանն ապակառուցողական է, համանախագահները դա շատ հստակ տեսնում են, և սա նորմալ իրավիճակ է: Բա ի՞նչ ասեի, Դավի՛թ: Իրենց նման ասեի՝ մենք հաղթում ենք, վաղը Ղարաբաղն անկախանալու է, ոնց որ 44-օրյա պատերազմի ժամանակ: Այդպե՞ս ասեի:

-Դրան հակադիր բանն էլ էր ասում վարչապետը, պարո’ն Նախագահ: Նա ասում էր, որ մենք էլ ենք կառուցողական տրամադրված, Ադրբեջանն էլ է կառուցողական տրամադրված. 2020 թվականի մայիսին վարչապետը, պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, ասել է, Ադրբեջանին փաստորեն վերագրել է կառուցողականություն:

-Հենց պրոբլեմները նաև դրանից էին գալիս: Ո՞նց կարելի է հակամարտող երկրի ղեկավարի բնութագրումը այդպես դրանով սահմանափակել` կառուցողական է: Երբևէ դուք ինձանից լսել եք, որ ես ասեմ, որ Ալիևը կառուցողական է: Կարելի է ասել, որ նա իրատեսական է, կարելի է ասել, եթե շատ ուզում եք` խելացի է, կրթված է և այլն: Բայց ի՞նչ է նշանակում կառուցողական: Որտե՞ղ երևաց կառուցողականությունը: Որտե՞ղ:

Գիտեք, ամբողջ այս շիլաշփոթը, կարծում եմ, որ իրենք ստեղծեցին բանակցային գործընթացում՝ երկու հանգամանքով է պայմանավորված: Մի հանգամանքը, իրոք, թեմային չտիրապետելն էր: Եվ մեծամտություն էր, որ իրենք կարող էին նոր բան հնարել` արհամարհելով, կողքի գցելով համանախագահների առաջարկությունները: Երկրորդ բանը, ես կարծում եմ, որ միգուցե, թեև իրենք այդքան վատ են մտածում մեր մասին, ես ինչ-որ տեղ փորձում եմ ինձ համոզել, որովհետև մարդիկ ցանկություն ունեն կամ ունեին, ավելի լավ պրոցես ստանալու: Բայց ցանկությունը, չի կարող իրականացվել առանց համապատասխան հանգամանքների` գիտելիք, ուժ, ճկունություն և այլն: Եթե հիշում եք, Ռուսաստանի նախկին վարչապետներից մեկն այսպիսի նախադասություն էր ասել, որ հետո դարձել էր թևավոր խոսք: Ասում էր՝ ուզում էինք լավ բան անել, ստացվեց ինչպես միշտ: Սրանց մոտ այդպես է: Իրենք ուզում էին բանակցային ավելի լավ պրոցես ստանային, ստացվեց բոլորովին հակառակը: Իրենք եկան իշխանության, ուզում էին ավելի լավ Հայաստան ստանալ, ստացան սևերի և սպիտակների Հայաստան: Ուզում էին ավելի ժողովրդավար լինել, ստացան հայհոյանքներով իրար հետ խոսող քաղաքական ուժեր: Ուզում էին կոռուպցիայից զերծ Հայաստան ստանալ, մինչև կոկորդները խրվեցին կոռուպցիայի մեջ: Ուզում էին ավելի մարտունակ բանակ ստանալ, ջախջախեցին այդ բանակը: Ուզում էին ավելի ժամանակակից, ինչպես ասում են յուղը վրեն սպառազինություն ստանալ, և այդ սպառազինությունը որևէ կերպ օգտակար չեղավ այդ մեզ համար կործանարար պատերազմում: Այս է այդ մարդկանց գործելաոճը: Այս շարքը կարելի է շարունակել շատ երկար` կապված մամուլի ազատության հետ, դատաիրավական համակարգի և այլն:  

Նմանատիպ նյութեր