Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Կիև
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև՝ Ուկրաինայի ղեկավարության հետ անվտանգությանն ու ռազմատեխնիկական համագործակցությանը առնչվող հարցեր քննարկելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ուղիղ եթերով հայտնում են ուկրաինական հեռուստաալիքները:
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ըստ նախատեսված օրակարգի՝ Բրիտանիայի վարչապետը բանակցելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ հանդիպման գլխավոր թեմաներն են անվտանգությունը, լարվածության նվազեցումը և ռազմատեխնիկական փոխգործակցությունը:
Սպասվում էր, որ Բորիս Ջոնսոնի այցի շրջանակներում կհայտարարվի Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի միջև համագործակցության նոր ձևաչափ ստեղծելու մասին, սակայն հայտարարությունը հետաձգվել է այն պատճառով, որ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով: Ամեն դեպքում, այդպիսի ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: