211652_close_icon
views-count2969 դիտում article-date 13:31 03-02-2022

Շատ մոտ ենք արձանագրելու կոմունիկացիաների բացման աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը: Նա հիշեցրեց, որ երեկ Հայաստան է ժամանել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավո տնօրեն Օլեգ Բելազյորովը, որոնք հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

«Այս այցը շատ կարևոր է, մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նկատելով, որ նախորդ օրվա այցն ամբողջությամբ միտված է եղել Երասխ-Ջուղա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք են բերել, որի անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ երկաթուղին Հյաաստանի տարածքում պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում:

Նրա խոսքով՝ ՌԴ փոխվարչապետի այցը գործանականացմանն էր ուղղված և արդեն քննարկում է գնում տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման, շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերի շուրջ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ երկաթգծի վերականգնման հետ կապված ունենալու են երկկողմ շփումներ:

«Օպերատորը «Հարավկովկասյան երկաթուղիներն» է ու մենք ճիշտ ենք համարում այս փուլից ծրագրի հետ կապված առաջընթացներում ինտենսիվ փորձագիտական շփումներ ունենալ նաև երկկողմ հարթակում, որովհետև նախագծային փուլից սկսած՝ ճիշտ է, որ օպերատորի հետ մեր համագործակցությունը սերտ լինի, որ նախագիծն ունենա այնպիսի տրամաբանություն, որ դրանից հետո անմիջապես կառուցվի ու հետո անմիջապես շահագործվի առանց խոչընդոտների»,- նշեց փոխվարչապետը:

Փաշինյանն էլ հիշեցրեց, որ իր խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը դաշտային աշխատանքով է զբաղվելու. նայելու են տարածքները, շինհրապարակների տեղերը:

Արտաշես Թումանյանն ասաց, որ առաջին նիստը եղել է. նախնական նկատառումներ կան, երեկվա նիստը շատ գործնական է եղել. «Անելիքները պատկերացնում ենք, հաջողության դեպքում արդյունքներ կունենանք»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր