211652_close_icon
views-count2064 դիտում article-date 19:24 03-02-2022

ՀՀ-ում գործող իշխանությունը «բռնաբարում է» իրավական դաշտը․նրանք դատական իշխանությանն ուղերձ են հղում, որ եթե կլինի որևէ մեկը, որն իրենց ոչ հաճո որոշում կկայացնի, կապատժվի․ Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. ՀՀ-ում գործող իշխանությունները «բռնաբարում են» իրավական դաշտը և արդարադատությունը։ Այս մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին առնչվող գործին։

«Հասարակությունը պետք է այդ հարցի շուրջ ընդվզի և իր հստակ գնահատականը տա։ Մենք չենք եկել այստեղ՝ պաշտպանելու կոնկրետ դատավորի, մենք եկել ենք պաշտպանելու առհասարակ արդարադատությունը։ Մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն, որ թույլ չտանք՝ ՀՀ-ն վերածվի բռնապետության»,-ասաց նա՝ նշելով, թե ՀՀ իշխանությունները հստակ քայլերով երկիրը տանում են բռնապետության։

Ըստ Վանեցյանի՝ այս իշխանությունը ողջ պետական համակարգը բաժանել է ցանկալիների և ոչ ցանկալիների։ «Իշխանություններն ուզում են դատական իշխանությանը հստակ ուղերձ հղել, որ եթե կլինի որևէ մեկը, որը կհամարձակվի իշխանություններին ոչ հաճո որոշում կայացնել, ապա անմիջապես պատժվելու է»,-ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունները բավարարել:

Փետրվարի 2-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ Բախշիյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։ Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։

Հիշեցնենք նաև, որ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը քննող դատավորն է։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր