211652_close_icon
views-count6040 դիտում article-date 12:00 06-02-2022

Գլխացավով արթնանում ենք, գլխացավով՝ քնում. Ֆիզգորոդոկում շինաշխատանքներն ընթանում են բարձր աղմուկով, չնախատեսված ժամերի

Երեւանի Ֆիզգորոդոկ թաղամասում սեպտեմբերից սկսված շինարարական աշխատանքներն ուղեկցվում են նախատեսվածից բարձր ձայնով եւ անհանգստություն պատճառում հարեւանությամբ ապրող բնակիչներին։ NEWS.am-ի հետ զրույցում թաղամասի բնակչուհի Աննա Տանդոյանցն ահազանգում է նաեւ, որ շինաշխատանքներն ընթանում են նախատեսվածից երկար։ 

Անելանելի վիճակում հայտնված բնակիչները դիմել են եւ՛ ոստիկանությանը, եւ՛ քաղաքապետարանին, բայց այս կառույցներում նրանց խոսքով՝ անգործության են մատնված։ Բնակիչները դիմել են նաեւ Առողջապահության նախարարությանը, որպեսզի կատարվի աղմուկի չափում։

«Եկել են չափումն արել, եւ արձանագրվել է, որ աղմուկը 100%-ով գերազանցում է նորման։ Եթե նորման սահմանված է, օրինակ, 40 դեցիբել, ապա մի մուրճի աղմուկը կազմել է 80 դեցիբել։ Բայց իրենք երկու մուրճով են աշխատում, աղմուկը չափել են միայն մեկի դեպքում։ Ամբողջ տունը դղրդում է, շուշեղենը՝ զնգզնգում։ Աշխատանքից հոգնած գալիս եմ, որ գոնե տանը հանգստանամ, չի ստացվում։ Այսինքն՝ մեր թաղամասի բնակիչները չեն կարողանում հանգստանալ, որ հաջորդ օրը թարմ ուժերով գնան աշխատանքի։ Գլխացավով արթնանում ենք, գլխացավով՝ քնում, եթե իհարկե, ստացվում է քնելը։ Ես ապրում եմ թոշակառու մորս հետ, որն առողջական խնդիրներ  ունի, թաղամասում շատ տարեցներ եւ մանկահասակներ կան։ Անհնար է էսպես ապրելը, շաբաթական հինգ օր առավոտից երեկո փոս են փորում, որ 12 հարկանի շենք կառուցեն, ծանր տեխնիկա է աշխատում»,- ասաց Ֆիզգորոդոկի բնակչուհին։

Նրա խոսքով՝ սկզբում շինաշխատանքները սկսում էին առավոտյան 9-ին եւ ավարտվում՝ 6-ին։ Մի քանի օր է՝ շինաշախատանքները տեւում  են մինչեւ 7-ը։

«Երեկ ինձ ասացին, որ իրենք քաղաքապետարանից թույլտվություն ունեն, որպեսզի շինարարությունը կատարվի մինչեւ 8-ը։ Պահանջեցի, որ էդ թույլտվության թուղթն ինձ ցույց տան, բայց ցույց չտվեցին։ Ախրանան եկավ ինձ բրդելով, անպատվելով դուրս հանեց, ասելով, որ ես ուրիշի սեփականության տարածքում գտնվելու իրավունք չունեմ։ Երեկ ես նաեւ զանգել էի Ոստիկանություն, իրենք շինարարությունը ավարտել են յոթն անց հիսուն րոպեին, հինգ րոպե հետո ոստիկանները եկան, արձանագրություն կազմեցին բողոքիս հիման վրա»,- պատմեց Աննա Տանդոյանցը։

Թեեւ հանգստյան օրերին արգելված է շինաշխատանքներ անելը, սակայն, Ֆիզգորոդոկի բնակչուհու խոսքով, շաբաթ օրերին նույնպես շինարարություն է արվում։

«Էս հարցով էլ ենք դիմել թաղապետարան, քաղաքապետարան, ի պատասխան ասացին, որ հողատարածքի սեփականատեր «Ռատկո» ընկերությունը տեղեկացված է, որ հանգստյան օրերին շինաշախտանքներ չեն կատարվելու։ Այսօր էլ շաբաթ օր է, եւ հիմա էլ լսվում են շինաշխատանքների ձայները»,- հավելեց Աննա Տանդոյանցը։

Երեւանի նոր քաղաքապետը, ըստ Ֆիզգորոդոկի բնակչուհու՝ հարցազրույցներից մեկում ասել է, որ պատրաստ է հանդիպել երկու կողմերի հետ էլ, բայց մինչեւ այսօր քաղաքապետը չի լսել բնակիչների մտահոգությունները։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր