211652_close_icon
views-count1368 դիտում article-date 10:23 08-02-2022

IRI-ի հարցման տվյալները չափազանց հետաքրքրական են. Ստեֆան Նիքս․ «Ամերիկայի ձայն»

Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացրած հեռախոսային հարցման, Հայաստանում նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղիով. այս կարծիքին է հարցման մասնակիցների 34%-ը, ի տարբերություն անցած տարվա հուլիսի արդյուքների, երբ «Հայաստանը ճիշտ ուղու վրա է» հարցին դրական պատասխան տվեց 41%:

«Մենք դա հիմնականում կապում ենք կորոնավիրուսային համաճարակի և դրա հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների հետ։ Սա հատուկ չէ միայն Հայաստանին, մենք դա տեսնում ենք ողջ տարածաշրջանում, նախկին Խորհրդային Միության այլ երկրներում»,- նկատում է IRI-ի Եվրասիայի գծով տնօրեն Ստեֆան Նիքսը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հանրային կառավարման ոլորտում, ըստ հրապարակված հետազոտության, հանրությունն ամենաշատը բավարարված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքով: ՀՀ վարչապետի գրասենյակի աշխատանքով չափազանց կամ որոշ չափով բավարարված է հարցման մասնակիցների 49%-ը, իսկ դժգոհ՝ 48%-ը: Ըստ հարցման՝ հանրությունն ամենաշատը դժգոհ է երկրի խորհրդարանի աշխատանքից:

IRI-ի Եվրասիայի գծով տնօրեն Ստեֆան Նիքսն առաջարկում է, գործադիրի ղեկավարի աշխատանքի գնահատականը դիտարկելիս, հարցին նայել ավելի լայն տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսային վարակի ու արյունալի պատերազմի գործոնները:

«Երբ այս կառավարությունն առաջին անգամ եկավ իշխանության, նրանց աջակցման թվերը չափազանց բարձր էին։ Մենք իրականում երբեք այդքան բարձր թվեր չէինք տեսել: Ակնկալվում էր, որ այդ թվերը աստիճանաբար կնվազեն»,- ասում է Նիքսը:

Հարցումն արձանագրել է՝ Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր հարցն է տարածքային ու սահմանային խնդիրը: Այս կարծիքին են հարցվածների 34%: Երկրորդ տեղում է, ըստ հարցման արդյուքների, տնտեսական խնդիրը, մասնավորապես գործազրկությունը, որին անդրադարձել է մասնակիցների 17%-ը:

Ճնշող մեծամասնությունը որպես քաղաքական, տնտեսական և անվտանգային սպառնալիք դիտարկում է նախ Թուրքիան, հետո Ադրբեջանը: Ստեֆան Նիքսը դա համարում է օրինաչափ, քանի որ Հայաստանի վերաբերյալ բոլոր նախորդ հարցումներում այդ երկու երկրները մշտապես վերջին տեղում են հարաբերությունների հաստատման տեսանկյունից: Կարևոր է նաև ԼՂ վերջին պատերազմի գործոնը: Նա հիշեցնում է՝ այս տվյալները արձանագրում են այսօր առկա տրամադրությունները և կարող են փոփոխության ենթարկվել հետագայում: Բացի այդ, նկատում է Նիքսը, հանրության որոշ հատված պատրաստ է դիտարկել սահմանների վերաբացման հեռանկարը՝ տնտեսական վիճակի բարելավման համար:

Հիշեցնենք, որ հարցման մասնակիցների 35%-ի կարծիքով Թուրքիայի հետ ճանապարհների վերաբացումը կունենա դրական ազդեցություն ՀՀ տնտեսության վրա, իսկ 53%-ը չի կիսում այս կարծիքը: Դրա հետ մեկտեղ, 73%-ի կարծիքով՝ Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Թուրքիայի հետ և կարգավորի հարաբերությունները՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման օրակարգը, իսկ, ըստ 70%-ի՝ Երևանը պետք է հարաբերություններ հաստատի Անկարայի հետ՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը չխոչընդոտելու նախապայմանը:

Պատասխանելով Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանգծման վերաբերյալ հարցման արդյուքներին, Նիքսը նկատում է՝ ստացված տվյալները վկայում են, որ հայ հանրությունն ընդհանուր առմամբ ձգտում է խաղաղության:

«Նրանք ցանկանում են վերականգնել խաղաղությունը, սակայն ոչ ամեն գնով: Նրանք ցանկանում են պահպանել իրենց իրավունքները և տարածքը»,- ասում է նա:

Այս ուղղությամբ հնչած կարծիքները մեզ համար անսպասելի էին և հետաքրքրական, ասում է Նիքսը: Նա վստահեցնում է՝ կշարունակենք հետևել Հայաստանում հանրային կարծիքին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր