211652_close_icon
views-count1723 դիտում article-date 18:36 08-02-2022

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին. քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը՝ կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև սահմանային մաքսային անցակետերում արդիական մաքսային լաբորատորիաների ստեղծման անհրաժեշտությունը:

ՊԵԿ նախագահը կարևորել է մաքսային լաբորատորիաների ստեղծման ընթացքում ՌԴ օրինակելի և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ մարդկային ներուժի և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից: Կողմերն ընդգծել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի առկայությունը, ինչը թույլ է տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Բարձր է գնահատվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը մշտական ​​հիմունքներով գործող ՌԴ դաշնային մաքսային ծառայության ներկայացուցչության աշխատանքը:

Ընդգծվել է՝ կառույցն անհապաղ արձագանքում է հրատապ լուծում պահանջող հարցերին: Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության միջև առկա համագործակցության մակարդակից՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել երկու երկրների հարկային և մաքսային վարչարարության ոլորտի միջև հետագա համագործակցությունը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր