211652_close_icon
views-count7508 դիտում article-date 16:54 13-02-2022

Կողմերին քաջալերում ենք հնարավորինս շուտ տարածաշրջանում ընդունել Համանախագահներին. ԱՄՆ դեսպանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգները  կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի հնարավորինս շուտ կազմակերպմանը:  Այս  մասին  հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, ի պատասխան  NEWS.am-ի գրավոր հարցմանը` մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որ Բաքուն կշարունակի խափանել ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։ :

«Որպես Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման ուղղությամբ։ Ինչպես նշված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վերջին հայտարարության մեջ՝ մենք կողմերին քաջալերում ենք հնարավորինս շուտ տարածաշրջանում ընդունել Համանախագահներին՝ թույլ տալով, որ նրանք անձամբ տեղում գնահատեն իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցեն հրատապ հումանիտար խնդիրների լուծման հարցում և համաձայնություն ձեռք բերեն հետագա ներգրավվածության օրակարգի վերաբերյալ»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան գրավոր պատասխանում։

NEWS.am-ի հարցմանը, թե արդյոք ԱՄՆ դեսպանատունը մոտ ապագայում Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի  հնարավորություն տեսնում է, թե` ոչ, դեսպանատունն ուղիղ պատասխան չի տվել:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան պարբերաբար հետաձգվում են: 
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանն է խոչընդոտում համանախագահների այցին:
Ռուսաստանի արտգործնախարարությունն  էլ հայտարարել է, որ համանախագահների տարածաշրջանմային այցերը վերականգնելու հարցով պատասխանի է սպասում Բաքվից և Երևանից:

Նմանատիպ նյութեր