211652_close_icon
views-count2858 դիտում article-date 20:44 14-02-2022

Փետրվարի 13-ին գրանցված 5.4 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի է ունեցել 165 հետցնցում. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 13-ին գրանցված 5.4 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի է ունեցել 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդով: Այս մասին երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը:

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-7 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Ըստ նախնական տվյալների ավերածություններ չկան:

Նա նաև տեղեկացրել է, որ ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում, իրականացնում են մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։

Մարգարյանի խոսքով՝ հայ-վրացական սահմանին կիրակի գրանցված երկրաշարժը համարվում է չափավոր ուժեղ և հավանական է, որ հեցնցումները տևեն մի փոքր ավելի:

«Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականի օգոստոսին նույն վայրում` Ջավախքի ընդարձակման գոտում, տեղի ունեցած երկրաշարժի առաջին օրը գրանցվել էր 69 հետցնցում, որոնց թիվը 40-րդ օրն արդեն հասել էր 223-ի»,- հիշեցնում է Սոս Մարգարյանը:

Սեյսմիկ ծառայության տնօրենի խոսքով, փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժը սովորական էր, սակայն, քանի որ մագնիտուդը բարձր է, շատերն են զգացել և վախեցել։

«Նախօրեին գրանցված երկրաշարժը նախորդ տարի Երևանում կրկին փետրվարի 13-ին գրանցված 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի նման էր։ Աշխարհում տարեկան հազարավոր նման երկրաշարժեր են լինում»,- ընդգծել է նա՝ նշելով, որ այս երկրաշարժը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգիններից էր։

Անդրադառնալով այսօրվա բնակֆոնդի սեյսմակայունությանը Սոս Մարգարյանը նկատում է, որ Երևանը երկու կողմից խզվածք ունի, ձախ կողմինը Երևանյան կոչվող խզվածքն է, իսկ աջ կողմից՝ Գառնիի մեծ խզվաքծն է, որն իջնում է մինչև Նախիջևանի սահման։

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին շենքերը կառուցվել են 7-8 բալ ուժգնության երկրաշարժերի դիմակայելու համար, մինչդեռ պետք է կառուցվեին 9-10 բալի համար, ուստի սեյսմիկ առումով առկա է խոցելիություն: Ինչ վերաբերում է նորակառույց շենքերին, ըստ Սոս Մարգարյանի՝ Երևանում դրանք 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժին կարող են դիմանալ:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրենը հորդորում է հետևել պաշտոնական տեղեկատվությանը և հիշեցնում, որ երկրաշարժերը կանխատեսելն այսօրվա դրությամբ հնարավոր չէ, և՝ աշխարհագրական դիրքով պայմանավորված, պետք է մշտապես պատրաստ լինել բնության այդ երևույթին, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա:

Իր հերթին ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանն անդրադարձել է գերատեսչության կայքի և հեռախոսային կապի խափանումներին, որոնք առաջացել էին տեխնիկական ծանրաբեռնվածության պատճառով:

«Փետրվարի 13-ին ժամը 22:00-ի դրությամբ կայքի դիտումները սովորական օրերի համեմատ ավել են եղել 5000-ով, իսկ արդեն 23:00-ի դրությամբ կայքն ունեցել է 13334 դիտում, ինչը չէր կարող իր հետևանքը չունենալ: Արդյունքում՝ հասանելիությունը խափանվել էր: Նույնը վերաբերում է նաև 911ահազանգման կենտրոնի հեռախոսային կապին. ժամը 22:25-ից մինչև 00:30-ը զանգերը մոտ 1000-ով ավել են եղել: Դեպքեր են գրանցվել, երբ նույն հեռախոսահամարից կենտրոնի կողմից 5 զանգ է ընդունվել»,- եզրափակել է Աննա Բաղդասարյանը:

Նմանատիպ նյութեր