211652_close_icon
views-count1414 դիտում article-date 10:49 23-02-2022

ՌԴ ԱԽ նիստը, Պուտինի ելույթը և միամիտ հայերը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քանի որ արտաքին քաղաքականության հայաստանցի մասնագետները մոտակա 2-3 օրերի ընթացքում լայնորեն մեկնաբանելու եւ քննարկելու են Ուկրաինայի հետ կապված վերջին զարգացումները, ես կփորձեմ պարզապես ձեւակերպել իմ տպավորությունները:

1/ Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստի հեռարձակումը ցույց տվեց, որ այդ երկրում չկան պետական ինստիտուտներ եւ պետական գործիչներ՝ այդ հասկացությունների դասական իմաստով: Ինչպես եւ Հայաստանում, Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայում եւ այլուր, կան վախվորած պալատականներ, որոնց ուշքն ու միտքը «թագավորի» մտադրություններն ու մտքերը կռահելն է եւ ժամանակին հնչեցնելը: Պուտինը, բնականաբար, այդ մարդկանց հետ խորհրդակցելու ոչ մի կարիք չունի, նա անգամ նախօրոք տեղյակ էլ չի պահում իր մտադրությունների մասին, եւ պալատականները որեւէ հնարավորություն չունեն ԱԽ նիստերին նախապատրաստվելու եւ լուրջ քննարկում ծավալելու:

2/ Ռուսաստանի նախագահը, հակառակը՝ լավ էր նախապատրաստվել այդ օրվան, ինչի մասին է վկայում նրա մեկ ժամանոց ելույթը, որն, իհարկե, չէր կարող իմպրովիզացիա լինել: Նա բավականին ծավալուն նյութ էր ամփոփել՝ բերելով բազմաթիվ պատմական փաստեր եւ թվեր: Դրանք հիմնականում ճիշտ էին, իսկ մեկնաբանությունները՝ հաճախ կասկածելի: Օրինակ, միանշանակ չէ, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը եւ միությունից դուրս գալու իրավունքը ԽՍՀՄ փլուզման հիմնական պատճառն էին:

Բայց ամենաուշագրավը Պուտինի ելույթում այն էր, որ հիմնական՝ «արձանագրային» մասը խիստ հակասության մեջ էր «եզրակացության» հետ: Այն ամենից հետո, ինչ նա ասաց Ռուսաստանի կայսրության, չարամիտ բոլշեւիկների, Ուկրաինայի, նրա ժողովրդի տառապանքների եւ ՆԱՏՕ-ի ուխտադրուժ վարքի մասին, սպասելի էր, որ Պուտինը կհայտարարի ամբողջ Ուկրաինան, Լեհաստանը եւ Բալթյան երկրները Ռուսական կայսրությանը միացնելու մասին՝ այդ կայսրության սահմանները վերականգնելու նպատակով: 50 րոպեանոց պատմաքաղաքական «նախաբանից» հետո, սակայն, Ռուսաստանի նախագահն ասաց, որ ՆԱՏՕ-ի դեմ «պատասխան միջոցներ» կկիրառի (չասաց, թե ինչպիսի) եւ, որ ճանաչում է Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները (որոնք, ի դեպ, համանուն մարզերի 1/3-ն են): 

3/ «Դե, որ Ուկրաինան Լենինն է ստեղծել, Ադրբեջանն էլ Ստալինն է ստեղծել: Որ Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչել է, ուրեմն ԼՂՀ-ն էլ պետք է ճանաչի», – միամտաբար առաջարկում է հայաստանցիների մի մասը: Դրան կարելի է պատասխանել հետեւյալը. գերտերությունները ճանաչում են այն, ինչ իրենց է ձեռնտու ճանաչել եւ հակառակը՝ տարածքային ամբողջականության ջերմ ջատագովներ են, երբ ճանաչումն իրենց ձեռնտու չէ: Մասնավորապես, Արցախի հարցով ՌԴ նախագահը բազմիցս հայտարարել է, որ բոլոր միջազգային օրենքներով դա Ադրբեջանի մաս է: Ինչ-որ միասնական սկզբունքներ փնտրելն այստեղ անիմաստ է:

4/ «Տեսա՞ր, Պուտինն իր ազգի համար ինչեր արեց»,- մեկ այլ պարզամիտ դատողություն է: Այս հարցում էլ խորհուրդ կտայի չշտապել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր