Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն. ամփոփվել են փետրվար ամսվա գործունեության արդյունքները
Արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 7-ին՝ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են նախորդ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:
Զեկույցներ են ներկայացրել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մկրտչյանը, կադրային քաղաքականության բաժնի պետ Քրիստինե Ռաթևոսյանը և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը:
Լիլիթ Միրզախանյանը զեկուցել է Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության կողմից 2022թ. փետրվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Նախարարությունը մասնակցել է ՄԱԿ-ի տիեզերական գործերի Պեկինի գրասենյակի կողմից կազմակերպված Տեխնիկական խորհրդատվական առաքելության հետ կապված առցանց հանդիպմանը: Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների քննարկմանն է ներկայացվել «ԱՌԿ ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը։
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից և հավատարմագրված անձանցից մեկ ամսում ստացվել, վերլուծվել և Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրառվել է թվով 1194 տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություն: ԱՎՕ շահագործող սուբյեկտներից ստացած դիմումներին տրվել է 5 պատասխան գրություն: Ռեեստրում իրականացվել է ԱՎՕ-ի՝ 115 գրանցում, 33 շահագործող անձի փոփոխություն, 10 ապամոնտաժում, 4 կոնսերվացում, 16 վերազինում:
Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մկրտչյանի ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել են 486 հրդեհային դեպքեր, նախորդ ամսվանից փոխանցվել է 57-ը, 39 դեպքերով քրեական գործի հարուցումը մերժվել է, հարուցվել է 6 քրեական գործ: Պատասխանելով հարցերին Ա. Մկրտչյանը նշել է, որ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ հրդեհային դեպքերի թիվը նվազել է 2-ով:
Իր հերթին Քրիստինե Ռաթևոսյանը ի թիվս ընթացիկ աշխատանքների, տեղեկացրել է, որ համավարակի կանխարգելման նպատակով կադրային քաղաքականության բաժնը կատարում է տվյալների համակարգման և հավաքագրման աշխատանքներ, վարվում է ամենօրյա գրանցամատյան՝ համակարգի պատվաստված աշխատակիցների վերաբերյալ:
Խորհրդակցության ժամանակ նախարար Անդրանիկ Փիլոյանն անձնակազմին է ներկայացրել գերատեսչության իրավաբանական վարչության նորանշանակ պետ Աշոտ Գաբրիելյանին: