211652_close_icon
views-count94514 դիտում article-date 09:54 11-03-2022

Լարված իրավիճակ Երևանում. Արցախյան մի քանի պատերազմներին մասնակցած հաշմանդամ մարզիկները պահանջում էին Պարալիմպիկ կոմիտեի նախագահի հրաժարականը. նրանք պատրաստ են անժամկետ նստացույցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 10-ին, լարված իրավիճակ էր «Փյունիկ» բարեգործական կազմակերպության և Պարալիմպիկ կոմիտեի շենքի դիմաց: Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմներին մասնակցած և հաշմանդամություն ունեցող մարզիկներն այնտեղ բողոքի ակցիա էին սկսել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիային իրենց աջակցությունն էին հայտնել Հայաստանի հաշմանդամային սպորտով զբաղվող ֆեդերացիաները և հաշմանդամների հարցերով զբաղվող կազմակերպությունները:

Ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի հրաժարականը, որն այն զբաղեցնում է գրեթե 30 տարի:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հաշմանդամ-մարզիկներն ասում էին. «Հակոբ Աբրահամյանը, որը նաև «Փյունիկ» կազմակերպության ղեկավարն է, սրտացավ մոտեցում չի ցուցաբերում ոլորտի խնդիրներին: Նրա գործունեության հետ կապված խնդիրները նոր չեն: Օրինակ, հիմա՝ մարտի 3-ից մինչև 14-ը Պեկինում պարալիմպիկ խաղերն են ընթանում, պետությունը գումարը հատկացրել էր, սակայն կոմիտեի նախագահի անգործության և կազմակերպչական փնթի աշխատանքների պատճառով Հայաստանից ոչ մի մարզիկ այդ խաղերին չհայտավորվեց և հիմա չի մասնակցում:  

Դեկտեմբերին Ֆինլանդիայում պարալիմպիկ խաղերի մրցաշար էր կայացել, սակայն մեր մարզիկին չի տրվել համապատասխան գույք, երբ այն առկա է եղել: Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը անհրաժեշտ գումար էր հատկացրել կոմիտեին՝ գույքի համար, սակայն գույքը մարզիկին չի տրվել և մարզիկը չի մասնակցել դահուկավազքի մրցաշարին: Կամ նա ժողով է. կոմիտեի նիստ է հրավիրել ու գաղտնագողի, ձևական որոշումներ է կայացրել, 5-6 ֆեդերացիաների նախագահների, որոնց հետ հակասություններ է ունեցել, հանել է, իրեն հավատարիմ մարդկանց է նշանակել: Կոմիտեին հատկացվող գումարների ծախսերը բացարձակապես թափանցիկ չեն, պարզ չէ, թե որտեղ են գնում այդ գումարները:

Երկու տարի առաջ Հայաստան էին ուղարկել «ջիպ» մեքենա, որպես օգնություն, և այն հատկացվել էր Պարալիմպիկ կոմիտեին: «Ջիպը» նվիրած բարեգործը եկել է Հայաստան, հետաքրքրվել, թե ինչպես է օգտագործվում մեքենան: Հակոբ Աբրահամյանը հայտնել է, թե մեքենան նվիրել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Բայց հետո պարզվել է, որ իրականում մեքենան վաճառել է, բայց ոչ պաշտպանության նախարարությանը: Դա հաստատել է նաև ՀՀ ՊՆ-ն:

Դրա համար մենք պահանջում ենք Հակոբ Աբրահամյանի հրաժարականը: Իրեն ասել ենք, մարդավարի թող, գնա: Ոչինչ չի անում: Նրա փոխարեն պատրաստ ենք առաջադրել Սարգիս Ստեփանյանին, որն արդեն քանի տարի է, բարձր է պահում Հայաստանի դրոշի պատիվը միջազգային պարալիմպիկ մրցաշարերում, մեծ հեղինակություն է վայելում, գերազանց է տիրապետում ոլորտին, ներսից գիտի բոլոր խնդիրները, ունի կազմակերպչական ունակություններ, մի խոսքով, այս ոլորտի մարդ է, պարզ է, որ մեջը սրտացավություն կա:

Էլ հանդուրժել այս բարձիթողի վիճակը հնարավոր չէ: Եթե մեր պահանջները չբավարարվեն, գնալու ենք ավելի ծայրահեղ քայլի ու անժամկետ նստացույց ենք անելու: Հա, վրանները խփելու ենք, իր աչքի առաջ մնանք այնքան ժամանակ, մինչև հասկանա, որ նահանջել չկա»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր