211652_close_icon
views-count2936 դիտում article-date 09:13 16-03-2022

ԱՄՆ Սենատը կոչ է անում հետաքննել Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունները Ուկրաինայում․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է բանաձև, որը կոչ է անում հետաքննել ենթադրյալ ռազմական հանցագործությունները Ուկրաինայում, որոնք կատարվել են Ռուսաստանի կառավարության և անձամբ նրա նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը», հղում անելով Associated Press գործակալությանը:

Փաստաթուղթը, որը վերին պալատում ներկայացրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, խստորեն դատապարտում է «բռնությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները», որոնք ենթադրաբար իրականացվել են Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Պուտինի ղեկավարությամբ։

Բանաձևը կոչ է անում Միջազգային քրեական դատարանին հետաքննել Պուտինի, նրա Անվտանգության խորհրդի անդամների, ինչպես նաև ռազմական հանցագործությունների համար ռուսական զինված ուժերի հրամանատարության գործունեությունը։

«Այս վայրագությունները պետք է հետաքննվեն՝ ռազմական հանցագործությունները բացահայտելու համար»,- ասել է Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն այս կապակցությամբ:

Բանաձեւը չունի օրենքի ուժ, այլ արտացոլում է օրենսդիրների ընդհանուր տրամադրությունները։

Այս ամսվա սկզբին Միջազգային քրեական դատարանի դատախազը հետաքննություն է սկսել Ուկրաինայում հնարավոր ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների կամ ցեղասպանության վերաբերյալ:

Դատախազ Քարիմ Խանը նշել է, որ սկսել է հետաքննությունը այն բանից հետո, երբ 39 անդամ երկրներ նման խնդրանք են ներկայացրել:

«Մի քանի րոպե առաջ ես տեղեկացրեցի Միջազգային քրեական դատարանի նախագահությանն անհապաղ ակտիվ հետաքննություն սկսելու իմ որոշման մասին»,- ասել է Խանը: «Մեր ապացույցների հավաքագրման աշխատանքները սկսվել են».

Խանը ասել է, որ հետաքննությունը կքննարկի 2013 թվականի նոյեմբերից կատարված հանցագործությունները՝ «այդպիսով ընդգրկելով ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության վերաբերյալ նախկինում և ներկա մեղադրանքները Ուկրաինայի ցանկացած մասում և ցանկացած անձի կողմից»:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա որակել է որպես «ագրեսիայի հանցագործություն»՝ միջազգային իրավունքի համաձայն։

«Հարվածները պաշտպանված վայրերին, ինչպիսիք են հիվանդանոցներն ու դպրոցները, անկանոն զինատեսակների օգտագործումը, ինչպիսիք են բալիստիկ հրթիռները, և արգելված զենքերի օգտագործումը, ինչպիսիք են կասետային ռումբերը, կարող են որակվել որպես ռազմական հանցագործություն»,- ասացին իրավապաշտպանները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես մատնանշել է Ուկրաինայում ռուսական կողմի մարդու իրավուքների խախտումները։

«Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում մարդու իրավունքների կործանարար խախտումների և միջազգային հումանիտար ճգնաժամի համար, որին մենք հետևում ենք իրական ժամանակում»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես հանդես է եկել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննության կոչերի օգտին:

Այս կոչը հնչել է Մարիուպոլ քաղաքի ծննդատանը ռուսական ռմբակոծության մասին հաղորդումներից հետո:

«Իհարկե, պետք է հետաքննություն լինի, և մենք բոլորս պետք է հետևենք, թե ինչ է կատարվում»,- ասել է Հարիսը Վարշավա կատարած այցի ժամանակ:

«Մեզ համար պարզ է, որ ռուսները ռազմական հանցագործություններ են կատարում Ուկրաինայում»,- հավելել է նա։

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ՄՔԴ-ի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրել է 2000 թվականին, սակայն այն երբեք չի վավերացվել Սենատի կողմից։ Նրա իրավահաջորդ Ջորջ Բուշը պաշտոնապես դուրս եկավ համաձայնագրից։

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան Միջազգային քրեական դատարանի անդամներ չեն։

Նմանատիպ նյութեր