211652_close_icon
views-count43066 դիտում article-date 11:30 17-03-2022

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 41-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բազալտե եզրաքարերին և հայտնվել Հրազդան գետում. նրան և ուղևորին հատուկ ճոպանների միջոցով դուրս են բերել փրկարարներն ու պարեկները, օպերատիվ են գործել բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Գարեգին Սիմոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և հայտնվել Հրազդան գետում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Սիմոնյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 21-ամա Կառլեն Առուստամյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացող կենտրոնի թիվ 18 փրկարար ջոկատի փրկարարները։ 

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նաև նույն վաշտի պարեկներ Էդգար Ադամյանը, Արթուր Հարությունյանն ու Արմեն Միսակյանը։ 

Վարորդին և ուղևորին գետից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ ճոպաններ։ Փրկարարներին օգնել են նաև պարեկները, ու մինչ նրանք օգնության ձեռք էին մեկնում գետում հայտնվածներին, Գ. Սիմոնյանը իրեն պահում էր ոչ հարիր. հայհոյանքներ էր հնչեցնում իրեն օգնության ձեռք մեկնած փրկարարներին, պարեկներին ու բժիշկներին, սակայն վերջիններս լուռ իրենց մասնագիտական աշխատանքն էին կատարում։

Մոտ 2 ժամ պահանջվեց, մինչև կարողացան նրանց դուրս բերել գետից։  Բժիշկներն էլ, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին նրանց։ 

Եթե Գ. Սիմոնյանը իրեն թույլ էր տալիս հայհոյանքներ հնչեցնել, ապա ուղևոր Կ. Առուստամյանը իր շնորհակալությունն էր հայտնում փրկարարներին, բժիշկներին ու պարեկներին։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Վ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան հատուկ տեխնիկայով պետք է դուրս բերվի և տեղափոխվի անվտանգ վայր։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ (խմած)։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 341+
341+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր