211652_close_icon
views-count4031 դիտում article-date 23:53 03-04-2022

Մեր խնդիրը ոչ թե Բրիտանիային «թշնամի» դիտարկելն է, այլ Բրիտանիայի հետ աշխատանքի արդյունավետության ուղիներ փնտրելը. Հակոբ Բադալյան

Եվ իրականությունը նախ այն է, որ թյուր է տպավորությունը, թե ՄԱԿ ԱԽ հայտարարությունը դադարեցնելու էր պատերազմը, ցավոք սրտի: Եվ, թյուր է տպավորությունը, թե Բրիտանիան կամ Չինաստանը, կամ որեւէ այլ մեկը խանգարել է մեզ համար նպաստավոր հայտարարության ընդունման:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

«Շավարշ Քոչարյանի «թեթեւ ձեռքով» կամ «թեթեւ լեզվով» հայկական հանրությունն արդեն մոտ երկու տարի «խճճվել» է «ռեբուսի» մեջ՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ ՄԱԿ ԱԽ հայտարարությունը Բրիտանիա՞ն է տապալել, թե՞ Չինաստանը: Եզրակացությունների զգալի մասն արվում է ըստ նախասիրության կամ ունեցած աշխարհաքաղաքական «կոնցեպտների» պատկերացմամբ:

Մեծ հաշվով իհարկե այդպես էլ կա, որովհետեւ հանրությունը եզրահանգումների գալիս է իր ունեցած տեղեկատվության հիմքով, եղած բաց տեղեկություններն ու իրադարձությունները համադրելով: Իսկ կարծիքները, պատկերացումներն ու որեւէ եզրահանգման գալու մեթոդաբանությունն էլ բնականաբար տարբեր է:

Այդ ամենով հանդերձ, լրիվ տարբեր է իրականությունը, որին՝ «բաց տեղեկատվության» տիրույթից փոքր ինչ ավելի հանգամանալից ծանոթ լինելու հնարավորություն եմ ունեցել, ընդ որում ոչ հայաստանյան աղբյուրից:

Եվ իրականությունը նախ այն է, որ թյուր է տպավորությունը, թե ՄԱԿ ԱԽ հայտարարությունը դադարեցնելու էր պատերազմը, ցավոք սրտի: Եվ, թյուր է տպավորությունը, թե Բրիտանիան կամ Չինաստանը, կամ որեւէ այլ մեկը խանգարել է մեզ համար նպաստավոր հայտարարության ընդունման:

Եվ չափազանցված է հայտարարության նշանակությունը անմիջական պատերազմի համեմատությամբ: Ավելին շարադրել չեմ գտնում նպատակահարմար, թեկուզ երկու տարի անց:

Բայց թեմային հարկ համարեցի անդրադառնալ Բրիտանիայի զինուժի նախարարի Բաքու այցի համատեքստում Հայաստանում վերստին աշխուժացած խոսակցությունների առիթով:
Մենք գործնականում չունենք դաշնակիցներ:

Թղթով դաշնակցի առումով ամեն ինչ պարզ է վաղուց, եւ, եթե շատերի համար 44-օրյա պատերազմից, ապա այդ դաշնակցի միայն թղթով այդպիսին լինելու մասին ինքս գրել եմ դրանից էլ, 2016-ի քառօրյայից էլ տարիներ առաջ:

Միաժամանակ, այսօր ինքս համոզված եմ, որ մեր ռազմա-քաղաքական մարտահրավերների շրջանակում ցավոք չունենք նաեւ «պոտենցիալ դաշնակիցներ», որքան էլ այդ առնչությամբ Հայաստանում պատմվում են հեքիաթներ կամ ցանկությունները մատուցվում են իբրեւ իրականություն, իսկ հաճախ պարզապես ավելի վատ՝ ունենում ենք այդ թեմայով «քաղաքական ժուլիկության» դրսեւորումներ:

Բայց, մի բան է մեր պատկերացումների ու ցանկությունների շրջանում իրական եւ ամբողջական դաշնակիցների բացակայությունը, մեկ այլ բան, երբ մենք կարող ենք թյուր պատկերացումներով մեզ հակադրել խոշոր խաղացողներին եւ նրանց դարձնել մեզ հակառակորդ:

Իսկ դա այն է, ինչն առաջին հերթին անհրաժեշտ է մեր թշնամուն, ինչպես նաեւ անհրաժեշտ է մեր «դաշնակցին»՝ «ու՞ր պետք է գնաք» միտքն առաջ մղելու համար:
Հետեւաբար, եթե օրինակ Բրիտանիան Բաքվի հետ սերտ աշխատում է, որպեսզի նրանց միջոցով ռուսների համար առաջացնի խնդիրներ, եւ այդ աշխատանքի թիրախ դառնում ենք մենք, ապա մեր խնդիրը ոչ թե Բրիտանիային «թշնամի» կամ հակառակորդ դիտարկելն է, այլ Բրիտանիայի հետ աշխատանքի արդյունավետության ուղիներ փնտրելը:

Իսկ ՄԱԿ ԱԽ նիստի հայտնի «պատմությունը» թերեւս արժե քիչ հիշել, եւ թերեւս արժե հիշել, որ այդ հարթակը կարեւոր է, բայց ոչ «մոգական», առավել եւս աշխարհաքաղաքական ներկայիս փոթորկի պայմաններում:

Ըստ այդմ, ամեն խնդրից հետո չարժե թերեւս միանգամից ասել, թե պետք է դիմել ՄԱԿ ԱԽ, այնպես, կարծես հենց դիմեցինք՝ վերջ, էնտեղ նստած սպասում են, թե երբ դիմենք, որ մեզ համար հարց լուծեն: Պետք է մտածել թե ՄԱԿ ԱԽ մշտական անդամների, թե երկու եւս այլ առանցքային սուբյեկտների՝ Բեռլինի ու Թեհրանի հետ մեր երկկողմ դիվնագիտական հարաբերություններն ու աշխատանքը արդյունավետության առավելագույնի հասցնելու մասին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր