211652_close_icon
views-count2208 դիտում article-date 13:57 05-04-2022

Ընդդիմությունն առաջարկեց՝ նվազագույն աշխատավարձը դարձնել 80 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց

ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում նվազագույն աշխատավարձը 68 հազարից բարձրացնել՝ դարձնելով 80 հազար դրամ: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Վարդանյանը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունը մեկ անգամ ևս առաջարկել էր նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում, սակայն առաջինը լիագումար նիստերի օրակարգում չի ընդգրկվել, հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն:

«Նախագիծը լրամշակվել է: Ներկայացված նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ: Փոփոխություններ են կատարվում նաև ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար, փոփոխվում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը»,-ասաց Վարդանյանը՝ առաջարկելով, որ կարգավորումը ուժի մեջ մտնի 2023-ի հունվարից:

Կառավարությունից նշել էին, որ փոփոխությունները հղի են մի շարք վտանգներով՝ չձևակերպված զբաղվածություն, սպառողական գների, բյուջետային ծախսերի, բիզնեսի վրա հարկային բեռի աճ: Ըստ Վարդանյանի՝ առկա հնարավոր ռիսկերը հակակշռվում են բազմաթիվ այլ դրական փոփոխություններով: «Հատկապես այս փուլում, երբ վերջին 2-3 տարիներին ունենք գնաճի բավականին բարձր ցուցանիշներ, պարտավոր ենք որպես ԱԺ, որպես պատգամավորներ մտածել մեր հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որոնց գնողունակությունը կտրուկ անկում է ապրել»,-ասաց պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս կարգավորմամբ միայն մասնավոր հատվածի նվազագույն աշխատավարձի վրա՞ են դրականորեն ազդում, իսկ հանրային ծառայության աշխատավարձերը կապված են բազային աշխատավարձի հետ, և նախագծով բազային աշխատավարձի փոփոխություն չի՞ ենթադրվում:

«Բնականաբար սա ենթադրելու է նաև Հանրային ծառայության ոլորտում որոշակի փոփոխություն»,- պատասխանեց Վարդանյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը: Նա հիշեցրեց, որ կառավարության 2021-2026 թթ ծրագրով նախատեսված է մինչև 2026թ ձեռնարկել քայլեր՝ աշխատավարձը մինչև 85 հազար սահմանելու համար: «Նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորությամբ` որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր»,-ասաց նա:

Ըստ փոխնախարարի՝ պատգամավորի ներկայացրած նախագծում բացակայում են տնտեսական հիմնավորվածության տեսանկյունից վերլուծությունները: Նրա խոսքով՝ նվազագույն ամսական աշխատավարձի չհիմնավորված բարձրացումը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի և զբաղվածության մակարդակի նվազմանը, ինչը կարող է բերել նաև գնաճի ճնշումների: Ներկայացված նախագիծն առաջարկում է 17 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը: «Մեր կանխատեսումներով՝ այս նախագծի ընդունման դեպքում պետբյուջեի ծախսը կավելանա տարեկան կտրվածքով շուրջ 99.1 մլրդ դրամի չափով»,- նշեց փոխնախարարը՝ հորդորելով անփոփոխ թողնել օրենքը:

Երկար քննարկումից հետո նախագիծը հանձնաժողովում ստացավ բացասական եզրակացություն:

Նմանատիպ նյութեր