211652_close_icon
views-count1161 դիտում article-date 11:10 19-04-2022

Հայրենիքը սիրելու լավագույն դրսևորումը սահմանադրական պարտականությունների, այդ թվում՝ հարկ վճարելու կատարումն է. Բադասյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ: 

«Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ:

Հարկ վճարելը սահմանված է որպես սահմանադրական պարտականություն։ Ժողովրդավարական հասարակությունում հարկ վճարելը հանդիսանում է պետության և քաղաքացու միջև կնքված համաձայնության կարևորագույն բաղկացուցիչ, որով քաղաքացիները ոչ միայն լիազորում են իրենց անունից գործել, այլև դրա համար ստեղծում իրական հնարավորություններ։

Անկախությունից ի վեր, շարունակաբար այս գիտակցումն ավելի է ամրապնդվում։ Հայաստանի Հանրապետությունում անվտանգային, սոցիալական խնդիրների լուծումը, օրինականության ամրապնդումը, բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովումն անմիջական կախման մեջ է հավաքագրվող հարկերից։ Հայրենիքը սիրելու, հայրենիքի մասին հոգ տանելու լավագույն և ամենակարևոր դրսևորումը սահմանադրական պարտականությունների, այդ թվում՝ հարկ վճարելու, կատարումն է։

Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ կառավարությունը որդեգրել է  հարկ վճարողների և հարկային մարմնի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման և օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու քաղաքականություն:

Կարող եմ գոհունակությամբ փաստել, որ վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցվել հարկ վճարողների և հարկային մարմնի միջև կառուցողական երկխոսության զարգացման, հարկային կարգապահության մակարդակի բարձրացման և հարկ վճարելու մշակույթի արմատավորման ուղղություններով: Օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է, որին այսօր ձգտում է յուրաքանչյուր գործարար: Օրինապահ հարկ վճարողների համար գնալով ավելի անտեսանելի է դառնալու հարկային և մաքսային վարչարարությունը, իսկ ՊԵԿ-ն ընկալվելու է որպես գործընկեր։

Հարգելի՛ գործարարներ, վստահեցնում եմ, որ ձեր բարեխիղճ վարքագիծը, օրինապահությունը և հարկ վճարելու մշակույթի առավել արմատավորումը մշտապես արժանանալու է պետության խրախուսանքին և աջակցությանը:

Կրկին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր պետականության ամրապնդման, մեր և գալիք սերունդների լուսավոր ապագայի:

Հ․Գ․ 1992 թվականի ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ձևավորվել են հարկային համակարգը, դրա սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները: Նպատակ ունենալով ընդգծել հարկ վճարողների դերը պետականաշինության գործում և խրախուսել հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը՝ 2021 թվականին որոշում է ընդունվել ապրիլի 19-ը սահմանել որպես Հարկ վճարողի օր»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր