211652_close_icon
views-count1340 դիտում article-date 11:28 24-04-2022

Մեծ եղեռնը ոչ միայն չսպիացող վերք է, այլև խարան` միջազգային հանրության վրա. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ արձանագրում է, որ Թուրքիայում պետական մակարդակով իրականացված 20-րդ դարի առաջին` Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիան իրականացրեց նաև հույների, ասորիների, եզդիների, քրդերի ցեղասպանություններ և բռնի տեղահանություններ։

«Միջազգային հանրության ոչ պատշաճ և ուշացած գնահատականներն, ըստ էության, նոր ոճիրներ իրականացնելու քարտ-բլանշ դարձան ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ուրիշ պետությունների համար։ Դրանից օգտվեցին նացիստները, բռնապետական և ազգայնամոլական ռեժիմները՝ իրականացնելով նորանոր ցեղասպանություններ, կոտորածներ և բռնություններ»,– արձանագրում է Արցախի ԱԳՆ–ը` միաժամանակ նշելով, որ Թուրքիան ու Ադրբեջանն առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ։

«1988 թվականից ցայսօր հայ ժողովուրդը բազմիցս առերեսվել է ցեղասպան քաղաքականության դրսևորումների․հայ ազգաբնակչության ջարդերը և զանգվածային սպանությունները Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, 2016 և 2020 թթ․ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան մարդատյացության վառ օրինակներ են»,– նշված է ուղերձում։

Մեծ եղեռնը ոչ միայն չսպիացող վերք է, այլև քաղաքական, իրավական և բարոյական խարան` միջազգային հանրության վրա, որը կարելի է ջնջել միայն Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և դատապարտման միջոցով։

Նմանատիպ նյութեր