211652_close_icon
views-count7639 դիտում article-date 16:14 25-04-2022

Ամեն ինչ կախված է ձեզանից. Եկեք հրապարակ, միասին որոշենք, թե ինչպիսի երկիր ենք մենք ունենալու. Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մեկնարկած պայքարի երկրորդ փուլը լինելու է ավելի ակտիվ, դինամիկ. դրա նպատակն է ավելի շատ մարդ մոբիլիզացնել մեր պայքարի շուրջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը։

Նա հիշեցրեց պայքարի նպատակների մասին՝ այն Հայաստանի, Արցախի անվտանգության, Արցախում ու Հայաստանում ապրող մարդկանց համար է։

«Այսօր ես ուզում եմ դիմել երիտասարդներին, որոնք մեր ապագան են, կառուցելու են մեր երկիրը։ Հարգելի երիտասարդներ, եղբայրներ ու քույրեր, դիմում եմ ձեզ որպես ձեզանից մի քիչ տարիքով մեծ, դիմում եմ ձեզ որպես մարդ, ով շատ է գնահատում երիտասարդներին։ Դուք եք կառուցելու մեր երկրի ապագան, ձեր քայլերով, գործողություններով կարող եք որոշել, թե ինչպիսի երկիր, Հայաստան, Արցախ մենք պետք է ունենանք։ Մեր ավագ սերունդը մեզ թողել անկախ Հայաստան, անվտանգ Արցախ։ Այդ պատասխանատվության բեռն այսօր  ձեր, մեր, բոլորիս ուսերին է։ Հավատացեք, ամեն ինչ կախված է ձեզանից։ Դուք եք որոշողը, թե ինչպիսի երկիր ենք մենք ունենալու»,-ասաց Արթուր Վանեցյանն ու երիտասարդներին կոչ արեց միանալ պայքարին, գնալ Ազատության հրապարակ։

Վանեցյանը հիշեցրեց օրեր շարունակ հրապարակում հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանի ու Արթուր Ավագյանի մասին, որոնց նպատակը անկախության սերնդի ներկայացուցիչներին արթնացնելն էր։

«Տղաները դադարեցրել են հացադուլը, առաջին փուլով հասել են իրենց նպատակին, բայց այսօր էլ նրանք այստեղ են։ Նրանց հիմնական նպատակը դեռ հասու չէ, եկեք, միացեք նրանց։ Սիրելի երիտասարդ, արի հրապարակ, միասին որոշենք, թե ինչպիսի երկիր ենք մենք ունենալու։ Սպասում եմ բոլորիդ Ազատության հրապարակում»,-ասաց նա։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արթուր Վանեցյանը տեղեկացրեց նաև այսօր նախատեսված գործողությունների մասին՝ օրվա ընթացքում իրազեկման երթեր Երևանի տարբեր հատվածներում, ժամը 18։00-ին հավաքվելու են Ազատության հրապարակում։

«Դրանից հետո ես էլ ձեզ հետ, բոլորով դուրս կգանք երթով փողոցներ, մարդկանց կհրավիրենք մասնակցելու  պայքարին։ Դրանից հետո կվերադառնանաք Ազատության հրապարակ, որտեղ մեզ սպասվելու է փոքր անակնկալ։ Մեր հայտնի երաժիշտներից մեկն իր աջակցությունը հայտնելու համար փոքր ներկայացում է կազմակերպելու։ Բոլորիդ ժամը 18։00-ին սպասում եմ Ազատության հրապարակում։ Լավ եղեք։ Մինչ հանդիպում»,-ասաց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր