211652_close_icon
views-count21882 դիտում article-date 15:20 27-04-2022

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրել է իր կյանքը վտանգած, 2-ամյա փոքրիկին փրկած ալավերդցի երիտասարդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 27-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մինչ պարգևատրումը՝ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով՝ Դեբեդ գետից դուրս էր բերել 2 ամյա փոքրիկին և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն:

«Շատ խորհրդանշական եմ համարում հենց այս արարողության ժամանակ պարգևատրել ու շնորհակալություն հայտնել Ժիրայր Պողոսյանին: Այստեղ են ՃԿՊԱ ուսանողները, ովքեր ավարտում են Ակադեմիան և հնարավոր է ընտրեն փրկարարի մասնագիտությունը: Սա վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի փրկարարը, ինչպիսի գիտակցում պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա ցուցաբերել նման վարքագիծ»,- նշել է նախարարը:

Ճանապարհային շինարարությամբ զբաղվող Ժիրայր Պողոսյանը չի բացառում, որ գուցե ապագայում որոշում կայացնի համալրել փրկարար ծառայողների շարքերը: Հիմա մի բան է անհանգստացնում՝ երեխայի առողջական վիճակը:

«Գնացել եմ երեխային օգնելու նպատակով: Միակ բանը, որ մտածում էի՝ նրան փրկելն էր: Երբ արդեն գրկումս էր, ձեռքերս դողում էին, թե ինչպես եմ մեքենա վարել՝ չգիտեմ: Պարտք էր, որ կատարեցի: Հիմա միայն երեխայից լավ լուրի եմ սպասում. այսօր կամ վաղն անպայման կայցելեմ նրան»:

Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ երեխան այս պահին գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. կա դրական դինամիկա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով` ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական պարտքը կատարելու համար Ժիրայր Պողոսյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, արժանացել՝ դրամական պարգևի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննական բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել էր ապրիլի 25-ին, Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ժ. Պողոսյանի կողմից 2-ամյա աղջկան փրկելու փաստով, երբ երեխան հայտնվել էր Դեբեդ գետում։ 

Ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, և կան կասկածներ, որ երեխային Դեբեդ գետը մայրն էր նետել։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։ Հետաքննիչի որոշմամբ երեխայի մայրը՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։ 

Տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր