211652_close_icon
views-count1192 դիտում article-date 17:40 06-05-2022

Բռնցքամարտիկները պատրաստվում են Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Հայոց մայրաքաղաքը ապրում է գարնանային կյանքով: Շաբաթը տեղումնառատ է, եղանակը զով, իսկ ահա Հայաստանի  բռնցքամարտի հավաքականի համար եղանակը շոգ է, նույնիսկ՝  տոթ: Հավանաբար կռահեցիք, որ այդ կոլեկտիվում եռուն է մարզական առօրյան: Վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարած մասնագիտական խմբի յուրաքանչյուր անդամ գիտի իր անելիքը:Նրանք մեծ պատասխանատվությամբ են մոտենում գործին, բայց այնպես, որ իրենց լարավածությունը չզգան սաները:

Օլիմպավանում մարզվողները թվով 26 –ն են, ասել է թե՝ հավաքականի լիարժեք երկու կազմ: Տղաները լավ, կայուն մարզավիճակում են: Թիմի ղեկավարությունը անհատական մոտեցումներով սաների պատրաստականությունը օրավուր բարելավում է,  նպատակով, որպեսզի 15 օր հետո, ստույգ ՝ մայիսի 21 –ին, մարզվածության աստիճանը հասնի բարձրակետին: Այդ օրը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գլխավոր մրցասպարեզում կմեկնարկի Եվրոպայի բռնցքամարտի հերթական առաջնությունը:

Գլխավոր մարզիչը զրույցի ժամանակ ասաց, որ առայժմ ամեն բան հարթ է ընթանում, տղաները անտրտունջ կատարում են մարզիչների հրահանգները և  նրանց գործողություններում զգացվում է հաճելի նպատակամղվածություն:Հաջողվել է պարապմունքները տանել այնպիսի հունով, որ մեկնարկի օրը կաշվե ձեռնոցի մեր վարպետները ռինգի կարոտով ու մարտական տրամադրությամբ ելնեն ասպարեզ:

Հավաքականը առաջնությանը կներկայանա լրիվ կազմով և  13 անդամների անունները կհրապարակվի մրցումներից մեկ շաբաթ առաջ:

Ամբողջ համակազմին հուզում է մեկ հարց. հաջողության հասնել սեփական հարկի տակ ու արդարացնել հայ մարզասերների հույսերը:

Նմանատիպ նյութեր