211652_close_icon
views-count1257 դիտում article-date 17:40 13-05-2022

Գյումրիում նշվեց Ընտանիքի միջազգային օրը. «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվել է Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողով

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվել է Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողով, որին մասնակցել են ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, եվրոպական երկրների այլ դեսպաններ, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ կարևորելով հայ ընտանիքների ամրությունն ու հոգատարությունը երեխաների նկատմամբ․ «Մեզ համար կարևոր է, որ ընտանիքները յուրաքանչյուր համայնքում լինեն ամբողջական, համայնքը լինի հոգատարության այն նշաձողը, այն հենքը, որը պետք է ընտանիքը զգա։ Մի քանի տարի առաջ կառավարությունում գործընթաց մեկնարկեց, որի նպատակը մեկն էր՝ հաստատությունները բեռնաթափել և փորձել խթանել ընտանիքների միավորումը, սկզբում որոշակի դիմադրություն կար, եկեք հասկանանք, որ բորլոր միջազգային ու հասարակական կազմակերպությունների, անգամ պետության հոգածությունը երբեմն բավարար չէ, որովհետև ընտանեկան ջերմությունը տալիս է այն կարևոր նախադրյալը, որը քաղաքացու դաստիարակության գործում խիստ կարևոր է։

Ընտանիքում մեծացած երեխան կերտում է այն մոդելը, որը հետո հասարակության մեջ ինքն է արտացոլում, որովհետև պետությունն ինքնին մեծ ընտանիք է։ Ընտանիքի օրը նշելով, ընտանիքի մասին խոսելով, բնականաբար, մեր իրականության մեջ շեշտադրվում է հայ ավանդական ընտանիքը։ Կարևորելով այդ ամենը՝ մենք պետք է չխուսափենք խոսել խնդիրներից, որոնք առկա են ընտանիքներում։ Մենք պետք է հոգ տանենք, որ երեխան մեծանա ընտանիքում, որտեղ յուրաքանչյուրի իրավունքը հարգված է։ Այս իմաստով կարևորում եմ պետության մոտեցումը, որ մարզպետարանների կազմում գործում են ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով բաժիններ, ինձ համար պատիվ է ասել, որ ի դեմս Շիրակի մարզպետարանի՝ մենք իրոք ունենք արհեստավարժ թիմ, որը մարզում առկա խնդիրներին խիստ հետևողական է»։
Գյումրու նկատմամբ սիրո, Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն այստեղ անցկացնելը այդ սիրո նշան է համարել Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով ընտանիքում սիրո ու փոխադարձ հարգանքի կարևորությանը։


Միջոցառումն անցկացվել է Շիրակի մարզպետարանի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագրի իրականացման գործընկերներն են «Հույսի Կամուրջ» ՀԿ-ն և ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են 2019-ից Հայաստանի 6 մարզերում այս ծրագրի արդյունքները, որի գլխավոր նպատակն է նպաստել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար խնամքի և սոցիալական պաշտպանության որակյալ ծառայությունների ստեղծմանը, բարձրացնել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների դիմակայունությունը՝ կանխելով մանկալքությունը և երեխաների կրկնակի մուտքը խնամքի հաստատություններ, նպաստել համընդհանուր ներառականության քաղաքականության զարգացմանը:

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի աջակցությամբ շուրջօրյա խնամքի հաստատությունների 506 երեխայի և նրանց ընտանիքների սոցիալական կարիքներն են գնահատվել։ Արդյունքում երեխաները վերամիավորվել են ընտանիքների հետ։ Երեխաների հետ վերամիավորված ավելի քան 200 ընտանիքների հետ իրականացվել է աղքատության փուլային հաղթահարմանն ուղղված միջամտություն։ Նպատակը ընտանիքների տնտեսական կայունացումն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր