211652_close_icon
views-count1348 դիտում article-date 16:16 27-05-2022

Փոխվարչապետին ներկայացվել է Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում սկսած քաղաքաշինական ծրագիրը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագրին։ Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակից:

Նշենք, որ բնակելի և հասարակական շենքային համալիրների կառուցման, ինչպես նաև անտառ պուրակի հիմնման նպատակով առանձնացվել է 129 հեկտար մակերեսով հողատարածք, որը նախատեսվում է կառուցապատել հինգ փուլերով։

Աշխատանքային այցի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է տեղի քաղաքաշինական առանձնահատկություններին և հատակագծին, հետևել է մեկնարկած շինարարական աշխատանքներին, այնուհետև անցկացրել է խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և կառուցապատող «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը փոխվարչապետին ներկայացրել են հնգափուլ ծրագրի մանրամասները՝ նշելով, որ վերջնարդյունքում լինելու են բնակելի միկրոշրջաններ՝ 63 բնակելի շենքերով, հիմնվելու է անտառ-պուրակ։ Միկրոշրջաններում գործելու են մանկական նախադպրոցական հիմնարկներ, հանրակրթական դպրոցներ, կառուցվելու է նաև խոշոր առևտրի կենտրոն և մարզաառողջարանային համալիր, ինչպես նաև՝ վարչա-հասարակական կենտրոն, որտեղ լինելու են բիզնես կենտրոններ, հյուրանոցներ, բազմաֆունկցիոնալ հաստատություններ։ Տարածքում նախատեսվում է նաև հիվանդանոցի կառուցում:

Կառուցապատող ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս փուլերի ընթացքում կատարվող ներդրումները կկազմեն շուրջ 3 մլրդ դոլար, իսկ բնակելի միկրոշրջանների կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2027 թվականին։

Նմանատիպ նյութեր