211652_close_icon
views-count617 դիտում article-date 12:11 30-05-2022

Այսօր տեղի կունենա Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը կիրականացվի այսօր՝ 30.05.2022թ-ին, ժամը 17:00 վերաքննիչ քրեական դատարանում (Գարեգին Նժդեհ 23)։ Նշենք, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է:

Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը»:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն Չալաբյանի կալանավորման համար հիմք էր ընդունել հրապարակված ձայնագրությունը ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողներին ներգրավելու նպատակով յուրաքանչյուր ուսանողին 1000-ական դրամ առաջարկելու վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր