211652_close_icon
views-count1267 դիտում article-date 16:16 01-06-2022

Երվանդ Ղազանչյանի եւ Գալյա Նովենցի դիմաքանդակներով հուշատախտակ կտեղադրվի Պարոնյան թատրոնի պատին

ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի ծննդյան օրը՝ հունիսի 2-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դիմային հատվածում կտեղադրվի Ղազանչյանի եւ նրա տիկնոջ՝ Գալյա Նովենցի դիմաքանդակը:

Երվանդ Ղազանչյանի համար Պարոնյան թատրոնը երկրորդ տուն էր, եթե ոչ առաջին: Ավելի քան 20 տարի նա ղեկավարեց այս թատրոնը, մահը վրա հասավ, երբ դեռ պաշտոնավարում էր Պարոնյան թատրոնում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, հուշատախտակ տեղադրելու միտքը վաղուց էր խմորվում: Այն իրականություն է դառնում Երեւանի ավագանու որոշմամբ։ Մեկ դիմաքանդակի վրա պատկերված կլինի եւ՛ Գալյա Նովենցը, եւ՛ Երվանդ Ղազանչյանը։

«Գալյա Նովենցն իր կյանքի վերջին շրջանը այս թատրոնում է անցկացրել: Վերջին ասելով՝            մոտ 15-20 տարի այս թատրոնի բեմում խաղացել է իր ամենահայտնի դերերը: Մահից ուղիղ երկու ամիս առաջ նա խաղաց վերջին ներկայացումը այստեղ: Որոշեցինք հուշատախտակը միասնական անել: Առաջ գնալով ասեմ, որ Կապանի համայնքապետարանի հետ փորձում ենք համաձայնության գալ Գալյա Նովենցի 85-ամյակի օրը՝ հուլիսի 1-ին, նմանատիպ հուշատախտակ նաեւ Կապանի թատրոնի պատին տեղադրել։ Ես, իհարկե, տխուր եմ, որ կողքիս չեն իմ ծնողները, բայց նաեւ ուրախ եւ հպարտ եմ, որ Երեւանի սրտում, քաղաքի կենտրոնում նրանց հուշատախտակն է տեղադրվելու»,-ասաց նա:

Ղազանչյանը շեշտեց, որ Գալյա Նովենցը եւ Երվանդ Ղազանչյանը իրենց ստեղծագործական գործունեությունը սկսել են Կապանի թատրոնից:

Ընդգծում է՝  նրանց կուրսը շատ հայտնի կուրս էր, այստեղ էին՝ Արմեն Ջիգարխանյանը, Արծրուն Մանուկյանը, Ալեքսանդր Քոչարյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Նորայր Սարգսյանը եւ այլք:

Նմանատիպ նյութեր