211652_close_icon
views-count1387 դիտում article-date 09:44 04-06-2022

Հայաստանյան իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը․ Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախի շուրջ գործընթացներին, նաև ՀՀ-ից հնչող մի շարք հայտարարությունների: Մասնավորապես, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել՝ ընդգծելով, որ 2021-ի բյուջեի 73 տոկոսը ՀՀ կառավարությունն է վճարել, Արցախի բնակչության կոմունալ վճարները՝ ևս:

«Կես ճշմարտությունն ասելը նույնպես սուտ է. այո, Արցախը երբևիցե ՀՀ-ից բյուջեի մասով այսքան գումար չի ստացել, սակայն Արցախը ՀՀ որևիցե այլ իշխանության օրոք այսքան չի ավիրվել, այսքան կորուստներ, զոհեր չի ունեցել, որքան Նիկոլ Փաշինյանի ժամանակ: Լավ կլիներ՝ ճշմարտությունն ամբողջությամբ ասեր: Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե իբր վճարել են ամբողջ բնակչության հոսանքի, ջրի, գազի, կապի ծառայությունները, կարծում եմ, դրանով Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե Արցախը շատ է սիրում, պետական մակարդակով հոգատարություն է դրսևորում, սակայն իրականում դա այլ ենթատեքստ ունի: Սա արցախցիների նկատմամբ հայաստանյան հատվածում ապրող մեր հայրենակիցների մեջ թշնամանք սերմանելու ևս մեկ փորձ է: Այսինքն, հարցը ներկայացվում է այն քողի տակ, թե «Հայաստանում դուք վատ եք ապրում, որովհետև մենք Արցախին աննախադեպ օգնություն ենք տրամադրում», և մեր ժողովրդի մեջ կա մի որոշակի հատված, որը հենց այդպես էլ ընկալում է: Սա «արդյոք մեզ պե՞տք էր գորշ և ավիրված Շուշին» խոսքի տրամաբանության մեջ է, այս անգամ՝ «արդյոք մեզ պե՞տք է աննախադեպ գումարներ վերցնող ու ծախսող Արցախ» ենթատեքստով»:

Հակոբ Հակոբյանը շեշտեց՝ գումարներն իրականում Փաշինյանի գրպանից չեն, նախատեսված են կառավարության բյուջեով. «Միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ Հայաստանում ապրող մեր հայ ժողովուրդը չի տրվելու Նիկոլ Փաշինյանի այս էժանագին մանիպուլյացիաներին, և այս վարքագիծը հակառակ ազդեցությունն է ունենալու՝ ավելացնելով Փաշինյանի նկատմամբ անհանդուրժողականության հերթական չափաբաժինը: Այն, որ այսօր Փաշինյանը չի խոսում այն աղետների մասին, որոնք իր վարած ոչ հայանպաստ քաղաքականության պատճառով հասցվեցին Արցախին, հասկանալի է. չեմ կարծում, թե ինքնաքննադատական մակարդակն այդքան բարձր է, և այս առումով բնական է, որ վնասների մասին չէր խոսելու:


Փոխարենը նման «փոքր հաջողությունների մասին» պետք է խոսեր: Իհարկե, յուրաքանչյուրն իր արշինով է չափում երևույթները: Բայց կարծում եմ՝ Փաշինյանը շատ լավ պետք է գիտակցի, որ Արցախում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի արդեն մեկ անգամ ցույց է տվել, որ պատրաստ է իր սեփական բարեկեցությունը զոհել հանուն Արցախի, հանուն իր հայրենիքի պաշտպանության և հայկական մնալու: Դեռևս 1990-ականների սկզբին մենք մեկ անգամ արդեն ցույց ենք տվել, որ պատրաստ ենք ապրել սոցիալապես վատ վիճակում, որպեսզի պայքարենք թշնամու դեմ, պայքարենք, որ Արցախը հայկական մնա: Այսօր նույնպես Արցախում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի պատրաստ է իր այդ բարեկեցությունը զոհել հանուն Արցախի հայկական մնալու: Դեռևս ձմռան վերջին - գարնան սկզբին, երբ Արցախում հումանիտար աղետ էր՝ գազ չկար, երբեմն նաև լույսի խափանումներ էին լինում, այդ ամենը որևիցե կերպ չազդեց արցախցու հաստատակամության վրա»:

Անդրադառնալով ՀՀ-ում Դիմադրության շարժման գործողություններին, Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով այս փուլին, նշեց. «Այն ազգային արժեքներով տոգորված շարժում է՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Մի բան, ամեն դեպքում, հստակ է. հայ ազգը ոտքի է կանգնել ու պայքարում է հայրենիքի համար: Չպետք է տարանջատել ու ասել, թե այն Արցախի կամ Հայաստանի համար է: Այդ պայքարն ընդհանրապես հայերեն մտածող յուրաքանչյուր հայի համար է, նույնիսկ, եթե նա ապրում է Լոս Անջելեսում: Սա այն ազգային շարժումն է, որն անկասելի է: Ես չեմ ուզում ինչ-որ ժամկետների մեջ ընկնենք. հասարակության մեջ որոշակի սպասումներ կան, թե երբ է այս շարժումն ունենալու իր ավարտը, երբ է տալու իր արդյունքը:

Այս շարժումն արդեն իսկ տվել է իր արդյունքը: Այս շարժումով ոչ միայն հայաստանյան կամ արցախյան իշխանություններին ենք ցույց տալիս, որ հայ ազգը պատրաստ է պայքարել, այլև ողջ աշխարհին: Մենք ցույց ենք տվել, որ 2020-ի կործանարար պատերազմից հետո հայն իր մեջքը ուղղել է ու պատրաստ է պայքարել իր իրավունքների, իր հայրենիքի համար, ինչն արդեն իսկ արդյունք է: Հայ ազգը ցուց տվեց, որ դեմ է այն քաղաքականությանը, որը 2018-ից իրականացվում է: Ցույց տվեց, որ դեմ է այս իշխանություններին՝ անկախ անգամ այն հանգամանքից, որ պատերազմից դեռևս մեկ տարի չանցած հապշտապ ինչ-որ ընտրություններ կազմակերպեցին ու հիմա այդ ընտրություններում տոնած հաղթանակով են արդարացնում իրենց գործունեությունը: Հայ ազգն այսօր ցույց տվեց, որ դեմ է այն ամենին, ինչն իր կյանքում եղավ այս 4 տարվա ընթացքում: Սա արդեն արդյունք է, իսկ մնացածը զուտ ժամանակի հարց է: Այս գիտակցումն ունեն նաև Արցախում: Գրեթե բոլորը ողջունում են այս շարժումը»:

Խոսելով այն փաստի մասին, որ ՀՀ իշխանությունները խուսափում են ասել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ավելին՝ նշում են, որ պատասխանելը կարող է խանգարել բանակցություններին, Հ. Հակոբյանը նշեց. «Իրականում օրվա իշխանություններն իրենց այդ հայտարարություններով իրենց ասած այդ միջազգային հանրությանը ցույց են տալիս, որ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցրել են և կատարում են նրանց ասածները: Եթե մինչև 2017 թվականը բանակցային գործընթացին խանգարում էր Արցախի Հանրապետության անկախության հռչակման ճանաչումը, ապա պարզվում է, որ այսօր խանգարում է «Արցախն Ադրբեջանի կազմում կարող է լինել, թե ոչ» եզրույթը: Սա է նշաձողի իջեցումը, որը պահանջել էին Նիկոլ Փաշինյանից, և նա էլ իր տարբեր սատելիտների միջոցով հայտարարում է, որ պահանջները կատարվել են: Այսինքն, ասում են՝ «նշաձո՞ղ էիք ուզում իջեցնել, մենք իջեցրել ենք»:

Միևնույն ժամանակ, Արցախից բազմիցս բոլոր այդ հայտարարություններին ի պատասխան հնչել է, որ Արցախը ոչ միայն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այլև Արցախը լինելու է հայկական և վերջ»: Դիտարկելով այս փուլի՝ նաև Արցախի շուրջ գործընթացները, բանակցությունները՝ Հակոբ Հակոբյանը հավելեց. «Այս 4 տարվա հետևանքով մենք հասել ենք մի կետի, երբ հայաստանյան իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը: Դրանք 30 տարի շարունակ հայաստանյան ցանկացած իշխանության համար հստակ են եղել: Այն կարմիր գծերը, որոնք յուրաքանչյուր իշխանության որոշումների վրա շատ մեծ և էական ազդեցություն են ունեցել: Իսկ այս իշխանությունները պատրաստ են առանց պայմանների, առանց կարմիր գծերի գնալ ու բանակցություններ վարել՝ ընդունելով դիմացի կողմից առաջադրված բոլոր պայմանները: Դրա վառ ապացույցն այն է, որ Ադրբեջանի 5 պայմաններին ի պատասխան հայաստանյան կողմը 6 անհասկանալի ինչ-որ կետեր է հրապարակում, որտեղ չկա որևիցե պայման:

Չեմ կարծում, որ մոլորակի վրա կա մի երկիր, ուր կասեն, թե մարդու, բնակչի իրավունքները չենք պաշտպանելու: Երբ խոսում են Արցախում հայի ապրելու հնարավորության մասին, դա որևիցե պայման չի կարող ունենալ: Իրենց այն եզրույթը, թե հայի անվտանգությունից պետք է բխի կարգավիճակը և ոչ թե կարգավիճակից՝ անվտանգությունը, նույնպես բառախաղ է: Այս իշխանությունները տրվել են այդ գայթակղությանը, որ կարողանան քողարկել իրենց դավադիր մտքերը: Երբ 1990-ականներին հակամարտությունն սկսվեց, ու խոսք եղավ արդեն կարգավիճակի մասին, պատճառն անվտանգությունը չէր. մենք խոսեցինք կարգավիճակի մասին, դրա համար անվտանգստության հետ կապված խնդիր առաջացավ: Կարելի է հրաժարվել հայրենիքից ու անվտանգ ապրել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր