211652_close_icon
views-count3458 դիտում article-date 18:42 09-06-2022

Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցումը մտել է վերջնական փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցումը մտել է վերջնական փուլ: Պատասխանատուներն ու շինարարներն ամփոփում են կատարված աշխատանքը և նկատում. որակապես անվտանգ ճանապարհ ունենալու համար առաջին իսկ օրից կազմվել է հստակ ժամանակացույց, նախագծողների հաշվարկներով ու հիմնավորմամբ էլ ընտրվել ճանապարհահատվածի վերականգնման տեխնոլոգիան:

«Ամենակարևոր խնդիրը, որ դրվել էր քաղաքապետարանի կողմից շինարարի առջև և ինքը ստանձնել էր ամբողջ այդ պարտավորությունը՝ ամեն ինչ անել շատ որակով, հաշվարկված և հիմնավորմամբ: Խնդիր էր դրվել իրականացնել փլուզված հատվածի ամբողջ երկայնքով ճանապարհի երթևեկելի հատվածի ամրացում, ոչ թե պաստառային մասի, այլ՝ խորքից ամրացում»,- նշում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Մինչ ճանապարհի շուրջ 1200 քմ հատվածի վերականգնումը՝ որոշում կայացվեց նախ ամբողջությամբ փոխարինել, նաև տեղափոխել գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիները:

«Առաջնահերթ որոշվեց վերակառուցել և ամրացնել այս երթուղով անցնող հեղեղատար համակարգը. ամբողջովին նորացվեց, նոր դիտահորերով ամրացվեց, բետոնապատվեց և եղավ ապահով շահագործման ենթակա, հաջորդը գազի միջին ճնշման գազատարն էր, որը փլուզված հատվածի եզրագծից ապահովության համար տեղափոխվեց դեպի միջնաշերտ, որը մասնագետների հսկողության ներքո ճնշման տակ փորձարկվեց, այս պահին իրականացվում են ոռոգման ցանցի վերակառուցման աշխատանքները: Կարող էինք շուտ բացել, բայց դա կլիներ որակի և անապահովության հաշվին»,- ասում է Կամո Արեյանը:

«Մենք հեռացրեցինք այն ամբողջ ծավալները, որոնք խոնավությունից կարողանում էին հոսել, դրանից հետո կառուցվեց հիմք և այդ հիմքի վրա կառուցվեց գաբիոնե հենապատ: Հատուկ արկղներ են մետաղական, որի մեջ քարեր են լցվում: Շատ կայուն հենապատ է դա, մոտավորապես 4մ բարձրություն ունի և 5-6մ լայնություն: Այդ հենապատի վրա հիմա կառուցվում է երկաթբետոնե սալ՝ անվահրիչով: Այն կառուցվում է, որպեսզի մեքենաների ցնցումներից, դինամիկ հարվածներից ուժի բաշխում տեղի ունենա»,- ասում է «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲԸ տնօրեն Սուրեն Սահակյանը:

Ճանապարհի ողջ երկայնքով այս պահին բետոնացման աշխատանքներ են ընթանում: Գործընթացն իրականացվում է մի քանի խմբով:

«B 30 մակնշման բետոն ենք օգտագործում: 2-3 օր բետոնը կխնամվի, որպեսզի հասցնի ամրություն հավաքել և գա նորմատիվային իրավիճակին: Դրանից հետո այս հատվածը կծածկվի ասֆալտի շերտով: Կկառուցվի նաև երկաթբետոնյա անվահրիչ, որը, եթե վթար լինի, թույլ չի տա ճանապարհի այս հատվածից գլորվել ձորը»,- նշում է Սուրեն Սահակյանը:

«Քաղաքապետարանի անունից ևս մեկ անգամ հայցում եմ մեր համաքաղաքացիների ներողամտությունը՝ պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար, բայց բոլորս պետք է գիտակցեինք, որ այստեղ պետք էր հաշվարկված, գրագետ, հիմնավոր աշխատանք: Առաջարկել եմ արդեն քաղաքաշինական ոլորտի մեր պատասխանատուներին՝ քննարկել կառուցապատողի հետ այս տարածքի կառուցապատման աշխատանքների կազմակերպման նախագիծը, թե ինչ հերթականությամբ պետք է շինարարն այսուհետ շարունակի շինարարությունը իրեն հատկացված իր սեփական հողամասի նախագծային լուծումները: Սա շատ կարևոր հանգամանք է լինելու՝ աչքի առաջ ունենալով արդեն եղածը: Հակառակ դեպքում շարունակությունը կլինի անթույլատրելի: Պետք է քաղաքը, բնակչությունը և կառուցապատողը ապահովագրված լինեն հնարավոր բոլոր տեխնածին հետևանքներից»,- ընդգծում է Կամո Արեյանը:


ՃՈ հետ համատեղ կատարված հաշվարկների համաձայն՝ աշխատանքների ավարտից հետո ճանապարհի երթևեկությունը կբացվի երեք ուղեգծով՝ հանդիպակաց երթևեկության համար:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր