211652_close_icon
views-count1287 դիտում article-date 21:56 10-06-2022

Ֆրանսիայի Ալֆովիլ քաղաքի հայկական դպրոցի աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Ալֆովիլ քաղաքի Սուրբ Մեսրոպ հայկական դպրոցի շուրջ 40 աշակերտների:

Դպրոցի տնօրեն տիկին Նորա Թաշճյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, տեղեկություններ  փոխանցեց դպրոցի ստեղծման պատմության, իրականացվող ծրագրերի և եկեղեցի-դպրոց փոխգործակցության մասին։

Վեհափառ Հայրապետը, ողջունելով աշակերտներին, գոհունակությամբ արձանագրեց, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել Ֆրանսիայի մեջ գործող հայկական դպրոցների ու վարժարանների սաների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։  

Նորին Սրբությունը հանդիպման ընթացքում հորդորեց դպրոցի սաներին Հայաստանի տպավորություններով կերտված տեսիլքով շարունակել ուսումնառությունը և իրենց նպաստը բերել հայրենիքի զորացմանն ու շենացմանը:          

Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց դպրոցի տնօրինությանը, ուսուցչական անձնակազմին և հոգաբարձուներին Հայաստան և Մայր Աթոռ այցելություններ կազմակերպելու համար՝ մաղթելով արգասաբեր իրագործումների շարունակականություն և բարի տեսլականների իրականացում:

Իրենց հերթին աշակերտները երաժշտական կատարումով հաճելի անականկալ մատուցեցին Վեհափառ Հայարպետին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց դպրոցի աշակերտներին՝ նրանց ընծայելով սրբապատկերներ և խաչեր:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր