211652_close_icon
views-count942 դիտում article-date 16:55 13-06-2022

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգման խորհրդի նիստը

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգման խորհրդի նիստը, հայտնում են ՇՄՆ-ից:

Նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության / համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, ԳՄՀԸ Հայաստան տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնստանտին Սոկուլսկին։

Խորհրդի նիստին ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ևս մեկ անգամ կաևորել ծրագրի նշանակությունը Սևանա լճի համար։

«Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տնտեսության այլ ճյուղերի զարգացումը սերտորեն կապված է Սևանա լճի ջրային ռեսուրսների օգտագործման հետ, հատկապես նրա քանակական և որակական հատկանիշների հետ:

Հաշվի առնելով Սևանա լճի և դրա առափնյա գոտու բնապահպանական, սոցիալական, տնտեսական գործառույթների համալիր ու միասնական պլանավորման և իրականացման անհրաժեշտությունը, մենք չափազանց կարևորում ենք «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը։

Ծրագրի իրականացումը օգնում է մեզ բացահայտել Սևանա լճի ներուժը, ինչպես նաև համադրել դրա շուրջ առկա օրակարգերն ու տեսլականները», նշել է նախարարի տեղակալը և նշել, որ առաջնահերթ խնդիր է ոչ միայն ծրագրով նախատեսված քայլերի հաջորդականության ապահովումը, այլև Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նշանակալի արդյունքներ գրանցելը և ոլորտի հիմնովին բարեփոխումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր և կրկին ընդգծվել է ծրագրի գործընկերների համագործակցության ներուժը:

Նմանատիպ նյութեր