211652_close_icon
views-count4186 դիտում article-date 18:36 27-06-2022

Գավառի բժշկական կենտրոնում եռյակ է լույս աշխարհ եկել. նորածին աղջիկները միակ արու զավակի 3 քույրերն են արդեն

Գավառի բժշկական կենտրոնում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել․ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղի բնակիչ Գոհար Գևորգյանը լույս աշխարհ է բերել երեք աղջիկ։ Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացնում են Գավառի բժշկական կենտրոնից, նորածին աղջիկները լանջաղբյուրցի Սերոբ և Գոհար Գևորգյանի միակ արու զավակի երեք քույրերն են արդեն։ Նրանցից երկուսը ծնվել են 1 կիլոգրամ 900 գրամ, մեկը՝ 2 կիլոգրամ 100 գրամ քաշով։

«Ես 40 տարի աշխատում եմ այս բուժհաստատությունում, և այդ տարիների ընթացքում այստեղ զույգ ծնունդ շատ է գրանցվել, եռյակ ծնունդ հանդիպում է առաջին անգամ։ Արդեն երրորդ օրն է լրացել նրանց ծնվելու, մոր եւ երեխաների ինքնազգացողությունը լավ է, նկատելի է դրական դինամիկան, մայրն այս պահին գտնվում է մեզ մոտ, իսկ երեխաները տեղափոխվել են մայրաքաղաքի մանկական մասնագիտացված բուժհաստատություն, քանի որ ծնվել են վաղաժամ՝՝ մոտ 4 շաբաթ ավելի վաղ»,-ներկայացրեց Գավառի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Գոհար Միրիբյանը։

Նմանատիպ նյութեր