211652_close_icon
views-count940 դիտում article-date 22:20 27-06-2022

ԱԻ նախարարի առաջին տեղակալն ու ռուս գիտնականը քննարկել են Հայաստանում միջազգային սեյսմոլոգիական հերթական դպրոց անցկացնելու հնարավորությունը

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը հունիսի 27-ին ընդունել է ՌԴ գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Դաշնային գիտահետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսեյ Մալովիչկոյին և նույն կենտրոնի աշխատակցուհի Ելենա Մալովիչկոյին:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում սեյսմոլոգիական դպրոց կազմակերպելու հնարավորությունները: Վերջին անգամ միջոցառումը մեր երկրում անցկացվել էր 2014 թվականին՝ «Սեյսմոլոգիական տվյալների մշակման և մեկնաբանման ժամանակակից մեթոդները» թեմայով:

Արտյուշ Գրիգորյանը նշել է, որ ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկական կենտրոնի և ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի միջև ձևավորված է ամուր և արդյունավետ համագործակցություն: Նա անդրադարձել է 2014 թվականին Աղվերանում անցկացված միջազգային սեյսմոլոգիական 9-րդ դպրոցին և հիշեցրել, որ այն ժամանակ միջոցառմանը մասնակցել է 124 մարդ՝ 10 երկրից, ներկայացվել է 86 զեկույց, այդ թվում՝ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցների կողմից:

Իր հերթին Ալեքսեյ Մալովիչկոն տեղեկացրել է, որ միջազգային դպրոցն անցկացվում է ամեն տարի, և 2021 թվականին այն կազմակերպվել էր Նովոսիբիրսկում, այս տարի կլինի Մինսկում, իսկ հաջորդ տարի հյուրընկալելու հայտ է ներկայացրել Ուզբեկստանը, սակայն Հայաստանը ևս կարող է դիմել:

Ի պատասխան ԱԻ նախարարի առաջին տեղակալը նշել է. «Ուրախ կլինենք, եթե հաջորդ դպրոցը՝ 2023 թվականին, անցկացվի Հայաստանում։ Համոզված եմ, որ այն Աղվերանից ոչ պակաս հաջողված կլինի. Հայաստանի ԱԻՆ-ը և մեր Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը դրա համար ամեն հնարավորը կանեն»,- նշել նա ի պատասխան:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել հայ և ռուս սեյսմոլոգների միջև համագործակցությունն էլ ավելի է խորացնելու համար:
 

Նմանատիպ նյութեր