211652_close_icon
views-count737 դիտում article-date 10:25 01-07-2022

Մեծամասնության «տիրանիան»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է պաշտոնանկ անել Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին եւ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին: Մնացած պատգամավորներին մանդատից կամ պաշտոնից զրկելու մասին ՔՊ-ականները դեռեւս մտմտում են: Սակայն այս երկու ընդդիմադիր պատգամավորները հաստատ «պատժվելու են» մեկուկես ամիս փողոցային պայքար մղելու եւ Փաշինյանի հասցեին ծանր խոսքեր ասելու համար:

Թե որքանով էր արդյունավետ այդ պայքարը եւ արդյոք դրա կարգախոսներն իրականացվելու դեպքում անգամ իսկապես փրկելո՞ւ էին երկիրը, դա առանձին խոսակցություն է: Այստեղ խնդիրը ընդդիմադիրների «պորտը տեղը դնելն է», որպեսզի նրանք այլեւս երբեք չհամարձակվեն կասկածի տակ առնել իշխանության իմաստուն ներքին եւ արտաքին քաղաքականությունը:

«Ցուցադրական ծեծը» իրենից ներկայացնում է կոլեկտիվ շոու, որը ծանոթ է մեզ՝ դեռեւս խորհրդային ժամանակներից. հավաքվում էր «կուսակտիվը», ասենք, գործարանի, եւ քննարկում էր «փականագործ Իվանովի» հակահասարակական վարքը, որն արտահայտում էր ոգելից խմիչքը չարաշահելու կամ թշնամական ռադիոկայանները լսելու մեջ: Առավել ակտիվ կուսակցականները Կուսկոմի ցուցումով ջախջախիչ ճառեր էին արտասանում եւ «անարգանքի սյանն» էին գամում «ճիշտ ճանապարհից շեղված» Իվանովին: Այդ ճառերի հիման վրա արվում էին կազմակերպչական հետեւություններ:

Կամ՝ օրինակ ավելի մոտ անցյալից: Հիշո՞ւմ եք 2015 թվականի փետրվարին ՀՀԿ-ի կազմակերպած հրապարակային էքզեկուցիան, որի թիրախը Գագիկ Ծառուկյանն էր: ՔՊ-ում նույնպես կան ընդդիմախոսներին «հուժկու հարվածներ» հասցնելու վրա մասնագիտացած առաջամարտիկներ, որպիսիք էին ժամանակին Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը:

Այս պաշտոնազրկումների նպատակն է, հետեւաբար, ոչ միայն բուն պատիժը, այլեւ «ժողովի» գործընթացը: Որովհետեւ այդ «կուսակտիվի ժողովը» լայն հնարավորություն կտա խոսելու «թալանի», երթեւեկությունը կաթվածահար անելու եւ ընդդիմության այլ՝ իրական կամ ոչ իրական մեղքերի մասին: Իսկ ընդդիմադիր պատգամավորներին պաշտոնազրկելու իրավական հիմքերի մասին խոսակցություն, եթե անգամ ընթանա, ապա՝ շատ հպանցիկ:

Իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը, 1995 թվականից սկսած, երբեք պատրաստ չի եղել հանգիստ, զուսպ, կառուցողական մթնոլորտում քննարկելու որեւէ խնդիր: Տրամաբանությունը հետեւյալն է. եթե մենք մեծամասնություն ենք, ապա սկզբունքորեն որեւէ պատճառ չունենք ընդդիմության հետ որեւէ խնդիր քննարկելու: Ում ուզենք՝ պաշտոնի կնշանակենք կամ կհանենք, ինչ օրենք ուզենք՝ կընդունենք, եւ հիմա էլ, եթե ընդդիմադիրներն իրենց խելոք չպահեն, նրանց կարող ենք զրկել մանդատներից:

… Թովմաս Ակվինացին դեռեւս 13-րդ դարում գրում էր՝ եթե իշխանությունն ի չարս է օգտագործվում, ապա նշանակություն չունի՝ դա միապետությո՞ւն է, թե՞ հանրապետություն: Միեւնույն է, «տիրանիա» կհաստատվի: «Ի՞նչ կարեւոր է,- հարցնում էր նա,- թե քանի բռնապետ է քո գլխի վերեւում»»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր