211652_close_icon
views-count31281 դիտում article-date 23:14 05-07-2022

Քեզ բացակա չենք դնի. Երևանի թիվ 16 գրադարանում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, ոստիկան Ռաֆայել Նահապետյանի մասին գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 4-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող թիվ 16 գրադարան ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, Շիրակի մարզի բնակիչ, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայող Ռաֆայել Նահապետյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո և հերոսի մասին հրատարակված գրքի շնորհանդեսը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից ու աշխատանքային, հերոսածին մայրեր, ինչպես նաև «Հզոր մայրերի միության» նախագահ Գայանե Բաբայանը: Վերջինս Ռ. Նահապետյանի մորը՝ Էմմա Իվանյանին, պարգևատրեց «Հզոր մայրերի միության» խորհրդանշական մեդալով և պատվոգրով:

Գիրքը հրատարակվել է հերոսածին մոր՝ տիկին Էմմայի հովանավորությամբ:

Գրքի շնորհանդեսը բավականին պատշաճ և հայեցի էր կազմակերպել գրադարանի տնօրինությունը: Ներկաները լսեցին «Հզոր մայրեր միության» նախագահի խոսքը,  հանդես եկան նաև ոստիկանության ակադեմիայի  դասախոսներից երկուսը, ովքեր դասավանդել են հերոսին: Հուզիչ էր դասախոսներից մեկի բանաստեղծությունը՝ նվիրված հերոսներին:

Կենդանի երաժշտությամբ էլ ներկաներին գերեց հերոսի զարմիկը:

Իր բանաստեղծություններով հանդես եկավ նաև Հովհաննես Ջավախքեցին:

«Իսկ կարգին տղերքը, ում ձեռքին է զենքը, մահվան հետ գիշեր են լուսացնում». այսպես էր բնութագրել Ռաֆայելը բանակի զինվորին գնահատող իր նվիրական խոսքում, դեռ երեք տարի առաջ՝ հայոց բանակի 27 ամյակի տոնին և այդպես նույն կերպ նա զենքը ձեռքին անմահացավ Շուշիում:

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ .....

Ռաֆայել Հովսեփի Նահապետյանը ծնվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում՝ 1991թ.-ի սեպտեմբերի 10-ին: Ընտանիքի ամենափոքրն էր՝ չորրորդը, վայելում էր ծնողների, մեծ եղբոր և քույրերի սերն ու ջերմությունը, տան ուրախությունն ու երջանկությունն էր, լույսն ու խնդությունը: Շատ յուրահատուկ խելացի, հետաքրքիր, խաղաղասեր երեխա էր: Օժտված էր բացառիկ ընդունակություններով: Դեռ հինգ տարեկան երեխա էր, մատների վրա հազարավոր թվեր էր գումարում և հանում, հավաքում էր շենքի բոլոր երեխաներին, ձեռքն էր վերցնում մի սարք և ամբողջ օրը զբաղվում էր դրանցով: Բնակիչները անունը դրել էին «կամպյուտոր ուղեղ»: 

Դեռ դպրոց չէր գնում, գիտեր ամբողջ այբբենարանը, մաթեմատիկայի աղյուսակները, արտասանում էր շատ ոտանավորներ, մանկական անմեղ համ ու հոտով պատմում էր անեկդոտներ: Ինչևէ, բազմաշնորհ, տաղանդավոր ու եզակի երեխա էր, ավաղ…

Ընդունվեց տեղի դպրոցն 1998թթ. և ավարտեց գերազանցությամբ՝ 2008թթ: Դպրոցական տարիներին աչքի ընկավ իր բազմակողմանի ունակություններով բոլոր առարկաների նկատմամբ, բայց առավել ակտիվ էր մաթեմատիկայի, ֆիզիկայի. ինֆորմատիկայի և այլ առարկաներից: Մասնացում էր օլիմպիադաների, նույնիսկ տնտեսագիտական մրցումների գնաց և հաղթեց; Ունի բազմաթիվ գովասանագրեր, պատվոգրեր ու շնորհակալագրեր:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Գյումրու ճարտարագիտական համալսարանի էլ.էներգետիկայի ֆակուլտետի անվճար բաժինը և ավարտելուց հետո, նույն տարին ընդունվեց Երևանում մագիստրատուրա՝ էլ. Էներգետիկայի բաժինը, հեռակա, որն էլ ավարտեց գերազանցությամբ, կարմիր դիպլոմով: Նախքան մագիստրատուրան ավարտելը, երկու տարի ծառայեց հայոց բանակում, որտեղ եղել էր երկու ջոկատի հրամանատար, դասավանդել էր երկրապահ ջոկատի սաներին, մասնագիտացել է ՀՕՊ ծառայության մեջ, որտեղ և նրա բարձր մարտական պատրաստակամության համար շնորվել է ՊԱՏՎՈԳԻՐ դեռևս մեկ տարվա ծառայության ընթացքում և բանակից վերադարձավ ԲԱՆԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿԻ մեդալով;

2017թ. նշանակվեց Գյումրու Էլ.Էներգիայի բարձրավոլտերի ցանցում որպես ավագ ինժեներ. երկու տարի հետո պետ նշանակելու ակնկալիքով, սակայն և մեկ տարի աշխատելուց հետո 2018թ . մարտ ամսից ընդունվեց Աշոցքի Ոստիկանության բաժնում, որպես ավագ լեյտենանտ համայնքային տեսուչ:

Ռաֆայելը ամենուրեք փայլում էր իր գիտելիքներով, իր խելքով, բազմաշնորհ տաղանդով, այդտեղ էլ օգնում էր ընկերներին, բացատրում, սպասարկում էր Աշոցքի տ/շ 7-10 գյուղ և միաժամանակ վերահսկում էր տարածքի վիրուսակիր հիվանդներին: Նա շատ ընկերասեր էր, բարի, մարդկային, որ հոգին էլ ուզեին՝ հաներ կտար, վայելում էր ոչ միայն Աշոցքի տարածաշրջանի սերն ու հարգանքը, այլև շատ հարգված էր ինչպես ոստիկանության վարչության, նաև նախարարության կողմից:

Բնածին տաղանդ էր, գիտելիքների շտեմարան, քայլող հանրագիտարան, այնպիսի բան չկար, որ Ռաֆայեը չգիտենար, կամ չստեղծեր: Որտեղ Ռաֆայելն էր, այնտեղ խինդն ու կատակն էր, ուրախությունն ու ժպիտը անպակաս էր: Օժտված էր մարդկային բարձր որակներով, շատ արագաշարժ ու գործնական էր, հանգիստ չուներ, նրա յուրաքանչյուր օրը հագեցված էր, կյանքով լեցուն, կարելի է ասել՝ եզակի անհատ էր, նույնիսկ այդ պատերազմի ժամանակ էլ շատ ոգևորված էր, շտապում էր,ասում էր, որ գնամ ՀՕՊ-ով դրանց հաղթեմ գամ:

Աշխատում էր մեծ պատասխանատվությամբ. դեռևս մեկ տարվա աշխատող էր, նախարարության կողմից արժանացավ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՊԱՏՎՈԳՐԻ, իսկ տարին լրանալուց հետո հարցազրույցով ընդունվեց Երևանի Ոստիկանության Ակադեմիայի առաջին կուրս և 20թ-ի սեպտեմբեր ամսին գերազանց փոխադրվեց երկրորդ կուրս և  ավաղ հոկտեմբերի 2-ին պետք է գնար դասի: Սակայն սկսվեց այդ չաաբաստիկ պատերազմը:

Սեպտեմբերի 10-ին, երբ լրացավ Ռաֆայելի 29-ամյակը,  որոշեց, որ հենց գործերը մի քիչ լավանա, պետք է ամուսնանար, սակայն, սեպտեմբեի 27-ին ահազանգ հնչեց, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և հենց նույն օրը տանից գնաց և այլևս չվերադաձավ:

Հենց առաջին օրը, նա իր ֆեյսբուքյան էջում գրեց Ուինստոն Չերչիլի խոսքերը.- «Եթե Երկիրը պատերազմի և ամոթի մեջ ընտրում է ամոթը, ստանում է և պատերազմ և ամոթ» և մեկնեց:

Հենց առաջիններից էր, որ գնաց մահվանն ընդառաջ: Սեպտեմբերի 28-ին տարան մի խումբ ոստիկանների հետ Գյումրի, որտեղից տեղափոխել էին Կիրովական: Այդտեղ նրան նշանակել էին դասակի հրամանատար և մի քանի օր մնալուց հետո հոկտեմբերի 3-ին, գիշերով տեղափոխել էին Ղարաբաղ Շուշիի մշակույթի տունը, որտեղից և պետք է տեղափոխեին սահմանները, սակայն զոհ դարձավ դավաճանության:

Ռաֆայելը՝ որպես դասակի համանատար իր մարտական առաջադրանքը կատարել է մինչև վերջ, իր ջոկատին հասցնելով Շուշի, բայց հենց այդտեղ դավաճանաբար ականի պայթյունից էլ զոհվեց զենքը ձեռքին, հանուն հայրենիքի, անկատար թողնելով բազում նպատակներն ու երազանքները, ինչպես նաև հաղթական վերադարձին սպասող ծեր ծնողներին ու հարազատներին երջանկացնելու իղձերը:

«ՌԱՖԱՅԵ՜Լ…Իմ արև, իմ շունչ, իմ կենարար ուժ, իմ քայլող հանրագիտարան, իմ լուսատու աստղ, իմ հազարի մեջ եզակի ,բացառիկ հերոս զավակ: Ոչինչ չի կարող լրացնել այն բացը, չի կարող փոխել այն վշտի ու տառապանքի կորստի ցավը, որը թողեց Ռաֆայելս, իր ընտանիքի, իր ընկերների, իր շրջապատի մեջ: Նրա կորուստը շատ ծանր ու մեծ հարված էր ծեր ծնողներիս, որ անհմաբերությամբ ու մեծ ակնկալիքներով սպասում էինք որդուս երջանիկ ամուսնությանը, նրա երջանկությանը»,- գրում է հերոսի մայրը:

Շատ մեծ էր նաև մեր ազգի ապագան կերտելու նրա բազում երազանքներն ու նպատակները: Ռաֆայելը ուներ ամեն ինչ երջանկ լինելու համար, որ հասել էր իր տքնաջան աշխատանքի և գիտելիքների շնորհիվ երջանկության գագաթնակետին, սակայն, հանուն նայրենիքի հաղթական փրկության, թողեց ամեն ինչ և զենք վերցնելով հենց պատերազմի առաջին օրվանից, ուղորդվելով մեծն նժդեհյան գաղափարներով, որ «Պետք չէ կրկնել անգիր արված խոսքեր, հայրենիքի հանդեպ ունեցած սերդ պետք է ապացուցես գործով», այո՛ նա ապացուցեց և հանուն հայրենիքի նկատմամբ ունեցած խորը, գիտակցաբար անմնացորդ սիրով, վազեց մահվանն ընդառաջ և իր մահկանացուն կնքեց հոկտեմբերի 4-ին՝ Շուշիի մշակույթի տան մեջ՝ դավադրաբար արձակած բալիստիկ հրթիռի ռմբակոծությունից:

ՌԱՖԱՅԵԼՆ ԻՆՔԸ ԸՆՏՐԵՑ ԻՐ ԲԱՑԱՌԻԿ ՀԵՐՈՍԻ ՃԱՄՓԱՆ, ՔԱՋ ԳԻՏԱԿՑԵԼՈՎ ՈՒՐ Է ԳՆՈՒՄ, ԻՆՉՈՒ ՞Է ԳՆՈՒՄ: ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՍԵՓԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ՝ ԱՇՈՑՔԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ՝ ՀԵՏՄԱՀՈՒ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է <<ՄԱՐՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ >> ՄԵԴԱԼՈՎ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ <<ԱՐԻՈՒԹՅՈՒՆ>> ՄԵԴԱԼՆԵՐՈՎ:

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ, ԻՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՌԱՖԱՅԵԼ,,ՔՈ ԲԱՑԱՌԻԿ ՍՈՒՐԲ ԱՆՈՒՆԸ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ԿԳՐԵՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՎՈՐ ԷՋԵՐՈՒՄ ՈՍԿԵ ՏԱՌԵՐՈՎ:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր