211652_close_icon
views-count732 դիտում article-date 22:28 06-07-2022

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին փառատոնի ներկայացուցիչները հայտարարեցին հուլիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ «Նոր ֆրանսիական կինո ծրագրում կներկայացվեն Կլեր Դընիի «Կեսօրյա աստղերը», Ժան-Պիեռ Դարդեն/Լյուկ Դարդենի «Թորին և Լոքիտան», իսկ կարճամետրաժ մրցույթում է հայ-ֆրանսիական համարտադրությունը Առնո Խայաջանյանի «Մենավոր գիշերը»։

Հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիական կինոյի դասական Ալեն Ռենեին, կցուցադրվեն նրա «Հիրոսիմա, իմ սեր», «Պատերազմն ավարտված է», «Անցյալ տարի Մարիենբադում» ֆիլմերը։ Հարգանքի տուրք ծրագրում նաև կցուցադրվեն համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասի ֆիլմերը։ Կներկայացվի նաև ACid Cannes Spéciale ծրագիրը։
Երևանում «Գյոթե կենտրոնի» հետ համագործակցությամբ կներկայացվեն Գերմանիայում արտադրված մի շարք ֆիլմեր, ինչպիսիք են Ֆլորիան Հոֆմանի «Պատերազմի շորշոփները», Անդրեաս Դրեզենի «Ռաբիյե Քուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի», Ուլրիխ Զայդլի «Ռիմինի», Շաուքաթ Ամին Քորքի «Քննությունը», Դիանա Էլ Ժիրուդի «Լռության հանրապետությունը»։
ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կներկայացվի Սանդենս կինոփառատոնի ֆիլմերի ծրագիրը։ Այն կբացվի Սառա Դոսայի «Սիրո կրակ» կինոնկարով։ Մրցութային ծրագրում է Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը», կցուցադրվի նաև Կառլոտա Պերեդայի «Խոզուկը»։

Իսկ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը կաջակցի փառատոնային օրաթերթի լույսընծայմանը։
Միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում Հայաստան կժամանեն նաև հայտնի կինոգործիչներ։

Փառատոնի շրջանակում ակտիվ համագործակցություն է իրականացվում նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ, որտեղ կանցկացվեն ավանդական ռանդեվուները։
Փառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը կանցկացվի ՀԲԸՄ-ի և Creative Armenia-ի աջակցությամբ։ 2022թ. GAIFF Pro-ի Համարտադրական շուկայում կներկայացվեն 12 նախագծեր ու 4 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմեր:  Շուկան նախատեսված է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ռեժիսորների համար, ովքեր աշխատում են իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմերի վրա: Փառատոնային ակտիվ շաբաթվա ընթացքում նախագծերի ներկայացուցիչները կհանդիպեն ու կաշխատեն տարբեր ֆիլմ-պրոֆեսիոնալների հետ, ովքեր Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից:

Շուկայում ընդգրկված նախագծերն են` «Սեյադա անունով կինը», ռեժ. Անաս Սալահեդին (Եգիպտոս, Գերմանիա), «Այշան չի կարող այլևս թռչել», ռեժ. Մորադ Մոստաֆա (Եգիպտոս), «Թռչող կովեր», ռեժ. Վահագն Խաչատրյան, Արեն Մալաքյան (Հայաստան), «Թույլ տուր անկեղծորեն լաց լինեմ քեզ հետ», ռեժ. Հարութ Մաքյան (Հայաստան), «Կաթ ու մեղր», ռեժ. Թոռնիկե Գոգրիչիանի (Վրաստան), «Տեղահանված», ռեժ. Մոհամեդ Ալ-Մաժդալավի (Պաղեստին, Շվեդիա), «Կյանքի համը», ռեժ. Անժելա Ֆրանգյան (Հայաստան, Ֆրանսիա), «Քարը», ռեժ. Մարիամ Խաթչվանի (Վրաստան), «Դեպի Ալենը», ռեժ. Էվելինա Բարսեղյան (Հայաստան), «Թմրաստան», ռեժ. Սաիդ Զաղա (Հորդանան), «Սիրով ու թշվառությամբ», ռեժ. Սոգոլ Ռեզվանի (Իրան), «Զաքո», ռեժ. Տիգրան Առաքելյան (Հայաստան, Ֆրանսիա): Լինելու են հայկական նախագծերի և կինոքննադատների աշխատարաններ։

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։
 

Նմանատիպ նյութեր