211652_close_icon
views-count2433 դիտում article-date 12:21 08-07-2022

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է կատարվել. վիճակը ծանր է, հանցագործը ձերբակալվել է

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտնել է, որ նախկին վարչապետ Շինձո Աբեն, ում դեմ հուլիսի 8-ին մահափորձ է իրականացվել, ծանր վիճակում է: Նա հույս է հայտնել, որ Աբեն կկարողանա ապրել:

Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Կիսիդան, ով Աբեի հետ նույն քաղաքական կուսակցությունից է, մահափորձի մասին իմանալուց չեղարկել է քարոզարշավն ու վերադարձել Տոկիո: Վարչապետի գրասենյակում, խոսելով լրագրողների հետ, Կիսիդան տեղեկացրել է, որ Աբեին տրամադրվում է համապատասխան բուժօգնություն: «Ես ի սրտե աղոթում եմ, որ նախկին վարչապետ Աբեն կարողանա ապրել»,- ասել է նա: Ճապոնիայի վարչապետը «վայրագություն» է անվանել իրականացված մահափորձը՝ նշելով, որ նման հանցանքները ժողովրդավարության հիմքը համարվող ընտրությունների քարոզարշավի ընթացքում բացարձակապես աններելի են:

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հուլիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս հարձակման է ենթարկվել: Ճապոնիայի հանրային հեռարձակողը՝ NHK-ն փոխանցել է, որ նախնական տվյալներով ինքնաշեն ատրճանակով նրան կրակել են թիկունքից: Հնչել է երկու կրակոց:

Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը ձերբակալված է:

 Kyodo գործակալությունը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է Ճապոնիայի նախկին վարչապետը հատակին պառկած վիճակում, իսկ վերնաշապիկի վրա արյան հետքեր են: Լուսանկարում նաև պատկերված է, թե ինչպես են նրա շուրջը հավաքվել մարդիկ, իսկ նրանցից մեկը սրտի մերսում է իրականացնում: Դեպքի վայրում գտնված փրկարարներից մեկը հայտնել է, որ 67-ամյա Աբեն չէր շնչում, և նրա սիրտը կանգ է առել հիվանդանոց տանելու ճանապարհին:

TBS-ն հայտնում է, որ ատրճանակից ստացված կրակոցները դիպչել են Աբեի կրծքավանդակի ձախ հատվածին ու ամենայն հավանականությամբ նաև պարանոցին: Աբեի առողջական վիճակի մասին նոր մանրամասներ չեն հաղորդվում:

Nihon TV հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի դեմ մահափորձ կատարած տղամարդն ավելի վաղ ծառայել Է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում:

Նմանատիպ նյութեր