211652_close_icon
views-count712 դիտում article-date 10:28 13-07-2022

Ամեն մեկն՝ իր գործին․ ի՞նչ է նրանց ուզածը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Թե ինչով է հիմա զբաղված խորհրդարանական ընդդիմությունը, ճիշտն ասած, դժվարանում եմ ասել: Որքան հասկանում եմ՝ նրանք ոչ խորհրդարանում են, ոչ էլ փողոցում: Մնում է ենթադրել, որ ընդդիմադիր պատգամավորները գնացել են երկարատեւ ամառային արձակուրդի: Հավանաբար, նրանց կարծիքով, Հայաստանին եւ, հատկապես, Արցախին սպառնացող վտանգը մեղմացել է, կամ՝ այդ վտանգին հակազդելու անհրաժեշտություն այլեւս չկա:

Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա ես այդպես էլ չհասկացա, թե ի՞նչ է նրանց ուզածը: Չբանակցե՞լ Թուրքիայի հետ. բայց դա նշանակում է, որ մեր փոխարեն մեզ հուզող խնդիրների մասին բանակցելու է Ռուսաստանը: Վերանայե՞լ նոյեմբերի 9-ի՝ մեր պարտությունը հավաստող եռակողմ հայտարարությունը. բայց դա, բացի ամեն ինչից, կպահանջի արագացված տեմպերով պատրաստվել պատերազմի, որն, իմ կարծիքով, միեւնույն է, լինելու է: Մի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը խնդիրներ ունի:

Ինչո՞վ են զբաղված այսպես կոչված՝ արտախորհրդարանական ուժերը: Նրանց մեծ մասը զբաղված է խորհրդարանական ընդդիմությանը քննադատելով: Հիմնականում նրա համար, որ այդ ընդդիմությունն իբր Պուտինի 5-րդ շարասյունն է: Եթե նրանք այդքան հակակրում են Ռուսաստանի նախագահին, ապա, հավանաբար, պետք է նկատեն, որ Պուտինի ամենահավատարիմ դաշնակիցը հենց Փաշինյանն է, եւ Ռուսաստանի ղեկավարի ջերմ ցանկությունն է, որ Հայաստանի վարչապետը մոտ ժամանակներս մնա իր պաշտոնում:

Ինչո՞վ է զբաղված իշխանությունը: Ինչպես միշտ՝ իր վերարտադրվելու առավել հարմարավետ պայմաններն ապահովելու մասին մտածելով: Այդ «ծրագրի» շրջանակներում, ըստ երեւույթին, ձեռնարկվելու է երկու միջոցառում: Առաջինը՝ հրաժարական է տալու Երեւանի ներկայիս քաղաքապետը, որպեսզի մայրաքաղաքի ավագանու ընտրությունների ընտրարշավը տեւի հնարավորինս կարճ (արտահերթ ընտրությունները հենց դա են նախատեսում), ինչը հնարավորություն կտա Ավինյանին՝ առանց լուրջ պայքարի դառնալու քաղաքապետ: Երկրորդ՝ փոխել Սահմանադրությունը, վերադառնալ կիսանախագահական համակարգին, եւ հաջորդ տարի անցկացնել նախագահական ընտրություններ: Եթե դա արվի, ապա մտահղացումը  պարզ է՝ նախ, ներկայիս վարչապետի վերընտրվելու հնարավորությունները հիմա ավելի բարձր են, քան չորս տարի հետո նրա կուսակցության հաղթանակը: Նախկինների հանդեպ ատելության հիման վրա հիմնված Փաշինյանի պաշտամունքը չորս տարի հետո շատ հնարավոր է այնքան էլ ջերմ չի լինի: Երկրորդ՝ հիմա Փաշինյանի մրցակիցը լինելու է դարձյալ Քոչարյանը, որին շատերը, մեղմ ասած, չեն սիրում: 

Այդ համատեքստում տրամաբանական չի թվում ՔՊ-ականների ձգտումը՝ մանդատներից զրկել խորհրդարանական ընդդիմությանը: Քոչարյանական ընդդիմությունը հենց այն է, ինչի մասին ցանկացած իշխանություն կարող է երազել: Բացառված չէ, սակայն, որ «քոչարյանական» պիտակը հնարավոր կլինի կպցնել ցանկացած ընդդիմախոսի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր