211652_close_icon
views-count374 դիտում article-date 10:13 14-07-2022

Թեհրանյան հանդիպում «+3» ձևաչափով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն օրերս հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան կատարելիք այցի մասին լուրը: Նա հայտնել է, որ ՌԴ նախագահը հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի ոչ միայն Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, այլեւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նախորդ շաբաթ թուրքական պաշտոնական աղբյուրներն էլ էին հաստատել, որ Էրդողանը մեկնելու է Թեհրան:

Հաջորդ շաբաթ Թեհրանում նախատեսված եռակողմ հանդիպման համատեքստում էր նաեւ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի այցը Հայաստան, որի ժամանակ վերջինիս անմիջականորեն ներկայացվեց ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, դրա հանգուցալուծման եւ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Պուտինի խոսնակ Պեսկովը նաեւ հայտնել է, որ Թեհրանում եռակողմ հանդիպումից բացի, կլինեն նաեւ երկկողմ հանդիպումներ։ Նա հաստատել է, որ Իրանում կայանալու է Պուտին-Էրդողան բարձր մակարդակի հանդիպումը: Այստեղ անհրաժեշտ է արձանագրել, որ Մոսկվան, ըստ էության, այս փուլում մերժել է Էրդողանի հետ հենց Թուրքիայում հանդիպելու Անկարայի առաջարկը, ինչի մասին ուկրաինական պատերազմի մեկնարկից արդեն մեկ ամիս անց սկսեցին պարբերաբար հայտարարություններ հնչել Անկարայից:

Թեհրանի հանդիպումը տարածաշրջանային «3+3» ձեւաչափի համատեքստում, փաստացի, «+3»-ի շրջանակներում է կայանում: ՌԴ-Իրան-Թուրքիա եռանկյունու կենտրոնում են հարավկովկասյան երեք պետությունները, այդ թվում եւ Արցախի հիմնահարցն ու Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Թեհրանյան հանդիպման նպատակն այդ երկրների՝ տարածաշրջանային համագործակցության եւ ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցերում դիրքորոշումների մոտեցումն է լինելու: Այն, ամենայն հավանականությամբ, «3+3»-ի գործարկման հնարավոր ուրվագծերի հստակեցում է ենթադրում, իհարկե, եթե Վրաստանը համաձայնի միանալ այդ ձեւաչափին, հակառակ դեպքում՝ «2+3»-ի հարցում կարծես առարկություններ չկան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր