211652_close_icon
views-count594 դիտում article-date 19:27 15-07-2022

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը խորհրդակցություն է հրավիրել ավարտական և միասնական քննությունների արդյունքների շուրջ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված դպրոցականների ավարտական և միասնական քննությունների արդյունքներին և բուհերի ընդունելության գործընթացին:

Ա.Բեգլարյանը հետաքրքրվել է Արցախի ու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմողների և նրանց քննությունների ցուցանիշներով, մասնագիտական կողմնորոշվածության և այլ առնչակից հարցերով:

«Քննությունների արդյունքները ցուցադրում են հանրակրթության ոլորտի թույլ և ուժեղ կողմերը, և անհրաժեշտ է խորքային վերլուծություն կատարել դրանց հիման վրա՝ վեր հանելու հիմնական խնդիրները և աշխատելու դրանց լուծման ուղղությամբ: Քննությունների արդյունքները, կարծես թե, ընդհանուր առմամբ կրկնում են նախորդ տարիների պատկերը, սակայն հատկապես որոշ առարկայական քննությունների ու կրթական ծրագրերի մասով շարունակական խնդիրներ ունենք, և մենք պարտավոր ենք հիմնարար ու երկարաժամկետ լուծումներ տալ դրանց՝ հիմք վերցնելով Արցախի կարիքներն ու առանձնահատկությունները: Հարկ է ուշադրության տակ պահել քննությունների վերաբերյալ բոլոր ահազանգերն ու մտահոգությունները՝ խուսափելու համար ցանկացած բացթողումից ու սուբյեկտիվ երևույթներից: Առաջիկայում ավելի մեծ թափով ենք աշխատելու կրթական համակարգի բարեփոխումների պլանավորման և իրականացման ուղղությամբ և ես ակնկալում եմ բոլոր կարող անձանց ու կազմակերպությունների արդյունավետ ներգրավումը այդ գործընթացում»,- ասել է պետական նախարարը:

Անդրադարձ է կատարվել քննությունների արդյունավետության բարձրացման, ուսման վարձերի փոխհատուցման, ՀՀ բուհերում նպատակային տեղերի հատկացման և մի շարք այլ հարցերի: Պետական նախարարը որոշ հանձնարարություններ է տվել պատկան մարմիններին՝ բուհերի ընդունելության գործընթացը պատշաճորեն կազմակերպելու և հետագա բարեփոխումները նախապատրաստելու վերաբերյալ:

 

Նմանատիպ նյութեր