211652_close_icon
views-count1298 դիտում article-date 20:22 20-07-2022

Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի նիստը

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի հերթական նիստը, որով ազդարարվել է նոր՝ 2023-2025թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողության ծրագրի նախագծման աշխատանքների մեկնարկը:
Համակարգող խորհրդի, որի կազմում են, ինչպես ներկայացուցիչներ պետական մարմիններից, այնպես էլ հասարակական կազմակերպություններ, առաքելությունն է իրականացնել մոնիթորինգ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության և գործողությունների ծրագրի նկատմամբ:
Համակարգող խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր ներկաներին, միջազգային գործընկերներին՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում զգալի ներդրում ունենալու և արդարադատության նախարարության հետ կառուցողական համագործակցություն ծավալելու համար:


Ելույթի խոսքում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ թեև Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող առաջին գործողությունների ծրագիրը հաստատվել է դեռևս 2014 թվականին, սակայն ակնհայտ է ներկայումս գործող կառավարության մոտեցումների փոփոխությունը և կարևորության ընդգծումն այս ռազմավարական փաստաթղթի նկատմամբ:

Նախարար Անդրեասյանը բարձրաձայնել է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առանձնակի կարևորություն ներկայացնող խնդիրները և հատկապես շեշտադրել՝ արդարադատության նախարարության կողմից այդ ուղղությամբ ներկայումս ձեռնարկվող միջոցառումների մասին, այդ թվում՝ Հայաստանում արբիտրաժային նոր կենտրոնի և քրեակատարողական նոր հիմնարկի հիմնադրման անհրաժեշտության ու կարևորության մասին։ Այս լույսի ներքո, նախարարն ընդգծել է ուժի մեջ մտած քրեական, քրեադատավարական և քրեակատարողական նոր օրենսգրքերը։
Նշվածի համատեքստում, նախարարը կարևորել է արդար դատաքննության իրականացման, ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի և խոսքի ազատության իրավունքի լիարժեք կարգավորման հարցերը։
Բացման խոսքով հանդես են եկել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Նաթիա Նացվլիշվիլին՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը և շնորհակալություն հայտնելով միջոցառման ներկաներին և բոլոր գործընկերներին համագործակցության համար:

Խորհրդի նիստի ընթացքում ՀՀ արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության, պաշտպանության նախարարությունները, քննչական կոմիտեն ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրով նախատեսված իրենց կողմից իրականացված միջոցառումների հաշվետվությունները:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա խնդիրների մասին և մի շարք առաջարկություններ ներկայացրել նոր գործողությունների ծրագրի համար:
Միջազգային գործընկերները՝ ԵՄ պատվիրակությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԵԽ գրասենյակը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և այլ գործընկերներ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու արդարադատության նախարարությանը և շարունակելու արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
Միջոցառումը տեղի է ունեցել արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր