211652_close_icon
views-count1264 դիտում article-date 12:21 27-08-2020

Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ․-ի գործողությունների ծրագիրը

Օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։ Ռազմավարության նպատակը Հայաստանի Հանրապետության ՓՄՁ-ների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է՝ ձեռնակատիրական հմտությունների զարգացման, գաղափարների իրագործման, մրցունակության բարձրացման միջոցով, որը հնարավորություն կտա նաև ապահովել ՓՄՁ-ների համար ներքին և արտաքին շուկաների հասանելիությունը։ Ռազմավարության թիրախային միջոցառումներն ուղղված են ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ձեռնարկատիրական մշակույթի խթանման նպատակով անհրաժեշտ ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի ձևավորմանը։ 2020-2024թթ․-ին իրականացվելիք միջոցառումներից է ձեռներեցական հմտությունների զարգացմանը և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացների իրականացումը, որին կմասնակցեն տարեկան հազարից ավել շահառուներ։ Կենսունակ գաղափարների իրագործման խթանման նպատակով շուրջ 250-300 կազմակերպությունների կտրամադրվեն վարկային երաշխիքներ։ Ներքին և արտաքին շուկաների հասանելիության բարձրացման նպատակով աջակցություն կտրամադրվի կազմակերպությունների՝ միջազգային առևտրի հարթակներում ներկայացվածության, ինչպես նաև Հայաստանում առցանց առևտրի զարգացման համար։ Այս համատեքստում սահմանված թիրախներին հասնելու համար հատկապես կարևոր է նաև ռազմավարությամբ նախատեսված նորարարության և թվայնացման խթանման միջոցառումների իրականացումը։ ՓՄՁ-ներում արտահանման խթանման նպատակով առանձնացվելու են արտահանման ներուժ ունեցող կազմակերպությունները, բացահայտվելու և ուսումնասիրվելու են արտաքին շուկաներում առկա խոչընդոտները, կատարվելու է պահանջարկի վերլուծություն, որի արդյունքում էլ տրամադրվելու է թիրախային աջակցություն։ Ինստիտուցիոնալ և իրավական դաշտի ձևավորման և կատարելագործման նպատակով նախատեսվում է բարելավել ՓՄՁ վիճակագրությունը, ինչպես նաև ապահովել կրթական, վերլուծական և տեղեկատվական նյութերի առցանց հասանելիությունը՝ ձեռնարկատիրությամբ հետաքրքրվող լայն շրջանակների համար։ Ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է նպաստել ՓՄՁ-ների արտադրողականության աճին՝ 2020-2023թթ-ի արտադրողականությունը բարձրացնելով 3%-ով, իսկ 2024 թվականին՝ 7.5%-ով։ Մասնավորապես, ՓՄՁ-ներում մեկ զբաղվածի կողմից ստեղծված ավելացված արժեքը 2024 թվականին կկազմի 12 մլն ՀՀ դրամ, որը 2018 թվականի նույն ցուցանիշի գրեթե կրկնապատիկն է (2018թ․ ցուցանիշը՝ 6.7 մլն ՀՀ դրամ)։ ՓՄՁ-ներում զբաղվածների թիվը կաճի տարեկան միջինում 2.5 %-ով։ Ռազմավարությունը մշակվել է դեռևս 2019 թվականին, սակայն վերանայվել և արդիականացվել է համավարակի հետևանքները արտացոլելու և կորոնավիրուսի տարածման պատճառով առաջացած բարդությունների և մարտահրավերների հաղթահարման ուղիներ սահմանելու համար։ Համավարակի հետևանքները մեղմելու նպատակով առավել մեծ կարևորություն է տրվել սնանկության գործընթացի և երկրորդ հնարավորության մեխանիզմների բարելավմանը, ֆինանսների հասանելիության հետ կապված լրացուցիչ բարդությունների հաղթահարմանը, ՓՄՁ-ների՝ խոշոր արժեշղթաներում ներգրավման անհրաժեշտությանը։ Իրականացվող գործողությունների արդյունքում ոչ միայն էապես բարելավվելու է ՓՄՁ-ների արտադրողականությունը և աճելու է զբաղվածների թիվը, այլ նաև փոխանցվող հմտությունների և բարելավված միջավայրի շնորհիվ ձեռներեցությամբ զբաղվելը կարող է դառնալ արտագնա աշխատանքի, կորցրած աշխատատեղերի և եկամուտների վերականգնման այլընտրանք։

Նմանատիպ նյութեր