211652_close_icon
views-count105200 դիտում article-date 09:31 26-07-2022

Ողբերգական ավտովթար Երևանում․ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու VAZ 2102-ը. մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա․ կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Խանջյան փողոցը Հերացի փողոցին միացնող ավտոճանապարհին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ ճակատ-ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 42-ամյա Անդրանիկ Վ․-ի վարած Opel մակնիշի և 61-ամյա Էդուարդ Ա.-ի վարած VAZ 2102 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էդուարդ Ա․-ն տեղում մահացել է։ Opel-ի վարորդ Անդրանիկ Վ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վերջինիս ուղևոր՝ Երևանի բնակիչ 47-ամյա Լուսինե Մ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իսկ մյուս ուղևորները՝ Երևանի բնակիչներ 42-ամյա Հասմիկ Խ․-ն, 51-ամյա Արմենուհի Ճ․-ն և VAZ 2102-ի ուղևոր Երևանի բնակիչ 57-ամյա Լիզա Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները։ 

Օպերատիվ են գործել բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղեկալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ն․ Պետրոսյանի որոշմամբ՝ ՀՀ ՔրՕրի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 224+
224+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր