107120 դիտում
20:13 16-08-2018
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Hyundai-ն, Mercedes-ը, Opel-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 16-ին խոշոր ու ողբերգական վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 47 կմ հատվածում բախվել են 31-ամյա Վադիմ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 35 UV 392 համարանիշի, 52-ամյա Վասակ Գևորգյանի վարած Hyundai մակնիշի 13 SN 333 համարանիշի և 34-ամյա Գևորգ Մամիկոնյանի վարած Opel մակնիշի 35 AC 379 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ փրկարարները։
Մահացածին Opel-ի միջից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Բախման հետևանքով Opel-ը հայտնվել էր ձորակում։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ։
Այս պահին վթարի վայրի զննություն են կատարում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության քննիչները Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Թ․ Չանդոյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․Օրի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Այս պահին վթարի վայրում հսկողություն են իրականացնում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ, որպեսզի քարշակները մոտենան և ավտոմեքենաները տեղափոխեն Ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+