211652_close_icon
views-count2193 դիտում article-date 11:22 26-07-2022

Ինչպե՞ս վերացնել հերթերը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս հաճախակի են դարձել անձնագրային բաժանմունքներում հերթերի վերաբերյալ բողոքները: Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ ստիպված են առավոտյան ժամը 5-ից մոտենալ շենքին, ինքնուրույն հերթագրվել, որից հետո կազմած ցուցակի համաձայն՝ վերցնել իրենց հերթի համարը՝ համապատասխան սարքից:

Կուտակումների պատճառները հայտնի են՝ նախ կա սեզոնային գործոնը, նոր անձնագրերը եւ նոր կնիքները մեզ անհրաժեշտ են լինում հատկապես ամռանը՝ արձակուրդի մեկնելու համար, իսկ երկրորդ պատճառը Հայաստանում գտնվող ռուսաստանցիներն են: Ի դեպ, շարունակում եմ պնդել, որ նրանց ներկայությունը մեր երկրում դրական երեւույթ է, եւ պետությունը որակյալ կադրերի համար պետք է ստեղծի բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ կարգավիճակի առումով:

Քանի որ ինքս Անձնագրերի եւ վիզաների վարչությունում (ԱՎՎ) առնչվել եմ հերթերի խնդրին, ուզում եմ նախ ներկայացնել իմ տպավորությունը: Այն, որ կա հերթ գրանցող սարքը, անշուշտ հեշտացնում է մարդկային հաղորդակցությունը: Չկան վեճեր, թե ով ումից հետո էր կանգնած: Ես իմ կտրոնը վերցրեցի մոտավորապես 10:30, 192-րդ համարն էի, եւ հերթս հասավ 17:00-ից մի քանի րոպե առաջ: Չեմ կարող որեւէ դժգոհություն հայտնել ԱՎՎ աշխատակիցներից: Բոլորը, այդ թվում՝ ոստիկանները, հանգիստ եւ ժպիտով պատասխանում էին հարյուրավոր քաղաքացիների հարցերին: Թերեւս արժե օդորակիչներ դնել ոչ միայն բուն գործարքների սրահում, այլեւ սպասասրահներում:

Բայց, ինչպես եւ այլ դեպքերում այստեղ էլ, կարծում եմ, լուծումը պետք է լինի ինստիտուցիոնալ, այսինքն՝ ի վերջո, անհրաժեշտ է բարելավել օրենսդրությունը: Ասացեք, խնդրեմ, ինչի՞ն է ծառայում անձնագրի երկրորդ էջում կնիքներ խփելու ինստիտուտը: Դա, կարծում եմ, միանգամայն ավելորդ բյուրոկրատական քաշքշուկ է, որը զարգացած պետություններում, որքան գիտեմ՝ չկա: Եթե ես անձնագիր եմ ստանում 10 տարով, ապա դա ինքնին նշանակում է, որ իմ՝ երկրից դուրս գալու իրավունքը հենց այդ ժամկետով է: Իմ տպավորությամբ՝ հերթ կանգնողների 70 տոկոսը հենց այդ կնիքների համար է տանջվում: Հավանաբար, ոչ ոք չի հրաժարվի միանգամից վճարել 10 հազար դրամ եւ 10 տարվա ընթացքում այլեւս այդ խնդրին չառնչվել: Իհարկե, այդ քայլերը պետք է արվեն նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի կարգը բարելավելուն զուգահեռ:

Հերթում կանգնած գերհոգնած քաղաքացիներն ինձ մոտենում էին եւ խնդրում անդրադառնալ այս իրավիճակին՝ շեշտելով, որ տրամադրվող ծառայությունը վճարովի է: Նրանք, ընդհանուր առմամբ, իրավացի են՝ վճարովի ծառայությունը ենթադրում է որոշակի հարմարավետություն»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր