211652_close_icon
views-count3248 դիտում article-date 10:57 03-08-2022

Սրացում՝ աշխարհի երկու կետերում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այս շաբաթվա սկզբին աշխարհի երկու կետերում իրավիճակը լարվել է՝ Կոսովոյի եւ Թայվանի շուրջ: Թվում է, թե այդ կետերը շատ հեռու են իրարից եւ Հայաստանի հետ որեւէ կապ չունեն: Բայց իրականում այսօրվա աշխարհում, թույլ տվեք կրկնել ծեծված ճշմարտությունը, ամեն ինչ փոխկապակցված է:

Կոսովոյում խնդիրներ առաջացան այն պատճառով, որ այդ կիսաճանաչված պետության ղեկավարությունը որոշեց բարդացնել Սերբիայի քաղաքացիների համար մուտքը՝ նրանց համար նախատեսելով հատուկ ժամանակավոր փաստաթղթեր, իսկ Կոսովոյի սերբ քաղաքացիներից մտադիր է պահանջել, որ նրանց ավտոմեքենաները գրանցվեն ոչ թե Սերբիայում, այլ Կոսովոյում: Ի պատասխան սերբերը փակեցին մայրուղիները, Սերբիայի իշխանությունները  սպառնալիքներ հնչեցրեցին Կոսովոյի հասցեին, իսկ ՆԱՏՕ-ն՝ սերբերի հասցեին: Խնդիրը ժամանակավորապես՝ մեկ ամսով սառեցվել է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ սեպտեմբերին կրքերը դարձյալ չեն բորբոքվի:

Չինաստանն իր հերթին սպառնում է Թայվանին՝ համարելով այն իր սեփական տարածքը եւ ակնարկելով, որ կարող է ուժով, այսպես ասած, վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Այդ քաղաքականության շրջանակներում չինական բանակը խոշորամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Թայվանի սահմանից ոչ հեռու, այդ կղզի է այցելել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, Բայդենը Թայվանին ռազմական օգնություն է խոստանում, եթե այդ երկրի դեմ ագրեսիա կիրառվի, իսկ Չինաստանի ղեկավար Սի Ցինպինը, որի հռետորաբանությունը սովորաբար զուսպ է, կոչ է արել ԱՄՆ-ին կրակի հետ չխաղալ:

Ինչո՞վ են այդ կոնֆլիկտներն իրար նման: Թերեւս նրանով, որ երկու դեպքերում էլ շոշափվում են Միացյալ Նահանգների շահերը: Կոսովոյի դեպքում այդ շահերը կրկին, ինչպես եւ Ուկրաինայում, բախվում են Ռուսաստանի շահերի հետ, եւ դեռ հարց է, թե ում ձեռնտու այդ proxy պատերազմում երկրորդ ճակատ բացելը: ԱՄՆ-ն գուցե դրա մեջ տեսնի Ռուսաստանի թուլացման եւս մի գործոն, իսկ Կրեմլը, քանի որ ընկած է կայսրական պատրանքների մեջ ու լավ չի հաշվարկում իր քայլերը, կարող գնալ նոր արկածախնդրության: Մեզ համար դա խիստ ոչ ձեռնտու տարբերակ է, որովհետեւ դա եւս մի կետում կշեղի Ռուսաստանի ուշադրությունը, եւ այդ երկրին ավելի քիչ կհետաքրքրեն այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Արցախում: Մենք արդեն իսկ տեսնում ենք, որ Ադրբեջանն օգտվում է այդ հանգամանքից:

Չինաստանն, իհարկե, Միացյալ Նահանգների համար շատ ավելի լուրջ հակառակորդ է թե՛ տնտեսական եւ թե՛ ռազմական տեսանկյունից: Եթե այդ հսկաների մեջ բախում տեղի ունենա, դա ոչ մեկին երջանկություն չի պարգեւի: Մեզ՝ նույնպես»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր