211652_close_icon
views-count2335 դիտում article-date 19:46 10-08-2022

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Բերձորի սուրբ Համբարձման եկեղեցու հարակից տարածքից հանվում է Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության ասել է ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե հուշարձանները մնան Ադրբեջանի տիրապետության տակ, դրանք կոչնչացվեն:  «Դեռևս 2021 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահը Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի Ծաղկավանք եկեղեցու բակում հստակ հայտարարեց, որ այն հուշարձանները, որոնք կառուցվել են երեսուն տարիների ընթացքում, ենթակա են ոչնչացման: Նա նաև ասել է, որ հայկական բոլոր հուշարձանները պետք է քերվեն»,- ասաց նա:

Բերձորից, Աղավնոյից և Սուսից տարհանվող հուշարձանների մեծ մասը տեղակայվելու են այլ եկեղեցիների բակում: Տարհանվելու են Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցու տարածքում նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողները, որոնք տեղափոխվելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Հիշեցնենք, որ Արցախում իրավիճակն օգոստոսի 1–ից լարված է։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանը խաղաղապահների միջոցով պահանջել է Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել: Հաջորդ օրը ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել էին ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 19 վիրավոր։ Արդեն օգոստոսի 5–ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին ասել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն տները։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 6–րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր այլընտրանքային ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։ Օգոստոսի 4–ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։ Ադրբեջանը կառուցել է ճանապարհահատվածի 30 կմ-ը, որը պետք է միանա հայկական կողմի կառուցված ճանապարհին: Նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվի ռուս խաղաղապահները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր