211652_close_icon
views-count1306 դիտում article-date 16:17 24-12-2023

Աղավնոյից տեղափոխված կոթողները կանգնեցվել են Եռաբլուրում

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղադրվել են Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղից տեղափոխված ժամանակակից խաչքարը և հուշատախտակները (https://www.facebook.com/sash.katvalyan/posts/7330813633635330)։ Այս մասին հայտնում է monumentwatch-ը։

Նշենք, որ դրանք տարհանվել են 2022 թվականի օգոստոս ամսին, այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Բերձոր քաղաքն ու հարակից Աղավնո և Ներքին Սուս գյուղերն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ (Բերձորում, Աղավնոյում և Ներքին Սուսում ավարտվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացը - Monument Watch)։

ժամանակակից խաչքարը գտնվում էր Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցու կողքին, որը, համաձայն վրայի արձանագրության, տեղադրվել էր Ռեջեքեյան Վահրամի և Էրմանսի հիշատակին:

Եկեղեցուն կից էր գտնվում նաև հարակից տարածքների ինքնապաշտպանության և ազատագրման համար մղված մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը: Այն կազմված է չորս քարե սալիկներից, որոնց վերին հատվածում փորագրված է «Նրանք հավերժ մեզ հետ են», ներքևի հատվածում՝ զոհված ազատամարտիկների անունները (Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին - Monument Watch):

Նմանատիպ նյութեր