211652_close_icon
views-count1475 դիտում article-date 17:44 12-08-2022

ՄՕԿ-ը շարունակում է օլիմպիական խաղերի ծրագրում մարզաձևերի փոփոխություններ կատարելու փորձերը

ՄՕԿ-ը շարունակում է օլիմպիական խաղերի ծրագրում մարզաձևերի փոփոխություններ կատարելու փորձերը:

Օրինակ, Տոկիոյի խաղերում ընդգրկվել էին  սքեյթբորդինգը և սոֆթբոլը, Փարիզում սպասվում է  բրեյք-դանսի նորամուտը և այլն: Քննարկվում է Լոս Անջելեսում  2028թ. կայանալիք  խաղերի մարզաձևերի  ցանկը:

Բանակցություններ են ընթանում  ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի հետ: Էլեկտրակարտինգի ընդգրկումը խաղերում  իսկական հեղափոխություն կլինի, քանի որ օլիմպիզմի հիմնական սկզբունքը մարդու ֆիզիկական ուժի ու տոկունության դրսևորումն է եղել: Այնպես որ, վեց տարի հետո, ԱՄՆ- ի օլիմպիական խաղերում, մրցակցությունը  սպասվում է  ոչ թե  մարդկանց, այլ  նաև . . .  շարժիչների միջև։ 

Դեռ վաղ է ասել,  թե ավտոսպորտի որ ենթատեսակը  կներառվի ցանկում:

Ակնկալվում է, որ այդ մարզաձևի  միջազգային ֆեդերացիան կներկայացնի օլիմպիական չափանիշներին հարմարվելու իր նկատառումները:  

Ի դեպ, ավտոսպորտը ավելի քան մեկ դար պայքարում է օլիմպիական ընտանիքում տեղ ունենալու համար: 1900թ. կայացած  Փարիզի խաղերում ավտոսպորտի մրցումներ անցկացվել են, սակայն այն ներառված չի եղել   պաշտոնական ցանկում, ուստի խաղարկված մեդալների օրինականությունը դեռ  քննարկվում է։ 

Շարժիչային մարզաձևերի զարգացմանը դեմ է եղել ժամանակակից խաղերի հիմնադիր,  բարոն Պիեռ դե Կուբերտենը։ Արժե նշել, որ  Էլեկտրական կարտինգն արդեն փորձարկվել է «երեխաների վրա >>  ՝ 2018թ.   Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերում:

Պատանեկան սպորտի մարզահանդեսը, ինչ որ տեղ,  փորձարարական հարթակ է: Կարատեն, բրեյք –դանսը, սքեյթբորդինգը, 3 × 3 բասկետբոլը  օլիմպիական արտոնագրի են  արժանացել  երիտասարդներին  թեստավորելուց հետո:

Այնպես որ,  ավտոսպորտի հնարավորությունները բավականին մեծ են, քանզի այն ժամանակ մեծ հետաքրքրություն  է առաջացրել արգենտինացիների շրջանում:

Արդյոք արժե օլիմպիական խաղերի ընտանիք ընդգրկել տեխնիկական մարզաձև, այն դեպքում, երբ   դասական մարզաձևերից  բռնցքամարտը, ծանրամարտը և ժամանակակից հնգամարտը համաշխարհային մարզահանդեսի ծրագրից դուրս մնալու վտանգի տակ են . .

Նմանատիպ նյութեր