211652_close_icon
views-count2596 դիտում article-date 10:13 16-08-2022

Իշխանությունը պատրաստ չէ որևէ հարցի լուրջ, կառուցողական քննարկմանը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, այդ թվում՝ «Սուրմալու» տոնավաճառում պատահած ողբերգությունը, չի կարելի դարձնել «քաղաքական» քարոզչության առարկա: Քաղաքականը տվյալ դեպքում միտումնավոր եմ չակերտների մեջ դնում, որովհետեւ, լայն իմաստով, իրական քաղաքականությունը (policy) կապ ունի համակարգերի արդյունավետության եւ որոշումներ ընդունելու մեխանիզմների հետ, եւ այդ թեման, անշուշտ, պիտի քննարկվի «Սուրմալուի» պայթյունների համատեքստում:

Բայց քաղաքականությունը մեզ մոտ հասկացվում է չափազանց նեղ իմաստով, որպես իշխանության համար պայքար: Եվ այդ շրջանակներում ցանկացած ողբերգական պատահարի դեպքում ընդդիմությունն իր բոլոր դատողությունները սկսում է «մինչեւ այս իշխանությունները չհեռանան…» մանթրայով, իսկ իշխանության քարոզիչներն ակնարկում են նախկինների եւ ռուսների մասնակցության մասին:

Ես գերադասում եմ քննարկել հարցի արմատական լուծումները: Ոչ թե զբաղվել մեղավորների փնտրտուքով:

Օրինակ՝ ինչպե՞ս պայքարել շահումով համացանցային խաղերի դեմ: Պատասխանը, կարծես թե, պարզ է. դրանք պետք է արգելել, այսինքն՝ բանկային փոխանցումներն այդ հաշիվներին համարել ապօրինի: Եթե որոշումն ընդունողներն իսկապես ցանկանային վերջ տալ խաղամոլությանը, նրանք այդպես էլ կվարվեին, ոչ թե կընկնեին լրատվամիջոցների հետեւից: Նկատենք, որ օրենքի սահմաններում գործող եւ հարկեր վճարող լրատվամիջոցների միջոցով տարածվող մոլախաղերի գովազդի հատվածը կազմում է համացանցում այդ գովազդի շրջանառության հազիվ 10 տոկոսը:

Ինչպե՞ս անել, որ հասարակական տրանսպորտի կանգառներում, որտեղ տեսախցիկներ չկան, բացի այդ փոխադրամիջոցներից, այլ մեքենաներ, մասնավորապես, տաքսիներ, չկայանեն: Լուծումը շատ հստակ է. ոստիկանությունը պետք է ուշադիր հետեւի եւ խստորեն տուգանի այդ տեղերում կայանող մեքենաների վարորդներին: 

Ի՞նչ է պետք անել, որ կիրակի օրը տեղի ունեցած ողբերգությունը չկրկնվի: Այստեղ էլ ոչ մի գաղտնիք չկա. արգելել մասնավոր անձանց եւ ընկերությունների կողմից կազմակերպվող հրավառությունները, որոնք, բացի ամեն ինչից, շրջապատում ապրողների հանդեպ ամբարտավան վերաբերմունքի ցուցիչ են: Եթե հրավառություններ չլինեն, ապա պայթուցիկ նյութերի կարիքն էլ չի լինի, դրանք ոչ կպահվեն, ոչ էլ կվաճառվեն: Իսկ եթե պետությունը ցանկանա հրավառություն կազմակերպել, ապա պայթուցիկ նյութերը թող վերցնի հատուկ պահեստներից, որտեղ խստորեն պահպանվում են պահման մեթոդները:

Ամբողջ խնդիրն այն է, որ մեր իշխանությունը պատրաստ չէ որեւէ հարցի լուրջ, կառուցողական քննարկմանը: Ցանկացած քննադատություն, թեկուզ մեղմ եւ բարեկամական, հանդիպում է կոշտ հակադարձմանը՝ «բա որ դու…» պարզունակ տրամաբանությամբ: Երբ իշխանությունն իր ողջ էներգիան ծախսում է ընդդիմախոսներին այդ ոճով «տեղը դնելու» վրա, պետական կառավարման համակարգը անկառավարելի վիճակում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր