211652_close_icon
views-count1207 դիտում article-date 19:23 16-08-2022

Սահմանվել է խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը՝ ի նպաստ համընդհանուր ներառականության

ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1265-Ն որոշմամբ՝ սահմանվել է Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը, որում մեծ դեր է վերապահված կրթության ոլորտում համընդհանուր ներառականության ապահովմանը՝ որպես կրթական քաղաքականության առաջնային ուղղություն:


Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:

Խելամիտ հարմարեցումները նախատեսված են այն անձանց համար, որոնք ունեն հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության սահմանափակում ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցություն ցուցաբերելու առումով:

Խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարագայում անձը կկարողանա բավարար կատարել գործողությունները, որոնք պարտավոր է կատարել կամ ակնկալվում է, որ կկատարի ուսումնական հաստատություն ընդունվելիս՝ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար մասնակցելու համար։

Խելամիտ հարմարեցումների համար կարող է դիմել անձը (երեխաների դեպքում՝ օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դիմորդը` ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի, իսկ սովորողն ուսումնական հաստատությունում սովորելու ամբողջ ընթացքում:

Համապատասխան կարիք ունեցող անձն իրավունք ունի ստանալ խելամիտ հարմարեցումներ՝ անկախ սեռից, ռասսայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Խելամիտ հարմարեցումների տեսակներն են.

ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ, որոնց համար ֆինանսական ծախս չի պահանջվում (աշխատանքի ժամանակացույցի վերանայում՝ առանց լրացուցիչ աշխատողի ներգրավման, ընդմիջման ժամերի վերանայում և այլ նման բնույթի հարմարեցումներ)․
ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնք պարզ են, չեն առաջացնում լրացուցիչ դժվարություններ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում (դռան բռնակի փոխարինում հարմարեցված բռնակով, խոշորացույցի տրամադրում, անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում վերհանված կարիքների ապահովում).
բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ (աջակցող միջոցներ՝ ներառյալ ծրագրային ապահովում` հաշվի առնելով անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում վերհանված ցուցումները, ինչպես նաև ինտերակտիվ երկխոսության արդյունքում վերհանված կարիքները ).
աջակցության գործողություններ (ուղեկցողներ, շուրթերով հաղորդակցվող թարգմանիչ, ժեստերի լեզվի թարգմանիչ, գրառումներ կատարող, թարգմանիչներ կույր և խուլ անձանց համար կամ աջակցող կենդանիներ, անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում վերհանված ցուցումների, ինչպես նաև ինտերակտիվ երկխոսության արդյունքում վերհանված այլ կարիքների ապահովում)․
կողմերի համաձայնությամբ կարող են ներառվել և կատարվել նաև այլ գործողություններ։
Հանրակրթական ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումներն իրականացվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ պետական բյուջեի միջոցներից տրամադրվող նպատակային ֆինանսավորման շրջանակում։

Խելամիտ հարմարեցումների ապահովման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Սահմանված ժամկետներում և կարգով խելամիտ հարմարեցումներ չստանալու դեպքում անձը կարող է դիմել դատարան:

Ինտերակտիվ երկխոսություն

Նշենք նաև, որ խելամիտ հարմարեցումների համար դիմող անձը պարտավոր է մասնակցել ինտերակտիվ երկխոսությանն անձամբ (կամ օրինական ներկայացուցչի միջոցով): Ինտերակտիվ երկխոսությունը գործընթաց է, որի շրջանակում անձը և խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրողը քննարկում են անձի հարմարեցումների կարիքները, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվում անձի համար ընդունելի խելամիտ հարմարեցումների ապահովման ուղղությամբ։ Ֆունկցիոնալության կամ կարիքների սահմանափակման աստիճանի փոփոխություն դեպքում անձը պարտավորն է այդ մասին տեղյակ պահել հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրողին:

Ինտերակտիվ երկխոսությանը հաշմանդամություն ունեցող անձի (անչափահասի դեպքում՝ օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ կարող են ներգրավել մանկավարժահոգեբանական աջակցության կամ խելամիտ հարմարեցումների ծառայություններ մատուցող պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր